Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը կայցելի Երևան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևան` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող ակտուալ հարցեր, կկատարվեն տեսակետերի փոխանակություն եվրասիական թեմատիկայով: Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումների հետ կապված հատուկ ուշադրություն կդարձվի հակամարտության գոտում կայունության ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկմանը:

«ՌԴ բարձրագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կարգավորման նպատակով: Տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Հուսով ենք, որ ռուսական կողմի այս ինտենսիվ ջանքերը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամուր հաստատմանը և խնդրի խաղաղ կարգավորման նպատակով բակացային գործընթացի վերսկսմանը»,- նշել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 6-ին Լավրովը նախապես ծրագրավորված այցով կմեկնի Բաքու, սակայն վերջին զարգացումների հետ կապված այցը հատուկ կարևորություն կունենա: Այցի շրջանակում կկայանան հանդիպումներ երկկողմ ձևաչափով: Լավրովն Ադրբեջանում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է նաև, որ իրադրության հանդարտեցման և խաղաղեցման շուրջ ջանքերի շրջանակում ապրիլի 8-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում նախատեսված է Լավրովի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս