Դևիդ Լիդինգտոնը հորդորել է շփման գծում դադարեցնել կրակը
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը հորդորել է կողմերին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:
«Ես ցնցված և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռիվների աճի և մարդկային կյանքերի կորուստի առնչությամբ: Կարևոր է, որ կողմերը շուտափույթ կերպով դադարեցնեն կրակը և հետագայում զսպվածություն ցուցաբերեն: Ես հորդորում եմ թե Հայաստանին, թե Ադրբեջանին գործել կառուցողական և ինտենսիվ կերպով` Մինսկի խմբի առաքելության միջոցով հասնելու բանակցային խաղաղ կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել
հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: