«ԱՄՆ-ի կողմից տրվող մեսիջները Թուրքիայի իշխանությունների վարքագծի վրա էական ազդեցություն չեն ունենա». թուրքագետ
Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չդիմավորեց: Թեև ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պլանավորում է հանդիպել ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ, սակայն հետո Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկով նման հանդիպում նախատեսված չէ:
Անձնական ինքնաթիռով Վաշինգտոնում վայրէջք կատարած Էրդողանին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։ Կարծիքներ կան, թե այն փաստը, որ Էրդողանին դիմավորողների թվում ոչ մի ամերիկացի պաշտոնյա չի եղել, Վաշինգտոնի կողմից Անկարային ուղղված «մեսիջ» է։
Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման՝ Օբամայի մերժումը հանդիսանում է Թուրքիայից դժգոհության նշան` ինչպես՝ Սիրիայի իրադրության շուրջ (սիրիական քրդերի գնդակոծումները), այնպես էլ՝ երկրի ներսում (լրագրողների հետապնդումը):
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ սա ուղերձ էր Թուրքիայի նախագահին: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ԱՄՆ-ը որոշակի վերապահումներով է մոտենում Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես՝ նախագահ Էդրողանին. «Բացի հակասություններից՝ նաև որոշակի դիմակայություն կան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Մի շարք խնդիրներ կան, ինչը կապված է ինչպես՝ տարածաշրջանային զարգացումների, այնպես էլ՝ Թուրքիայում ներքաղաքական պրոցեսների հետ: Արդեն իսկ չեն թաքցնում և ակնհայտ են հակասությունները մի շարք հարցերում, նաև՝ սիրիական հիմնախնդրի հետ կապված: Սակայն վերջին տարիների ներքաղաքական իրավիճակը և այլ հակաժողովրդավարական գործընթացներն ու բռնատիրական միտումների ուժեղացումը, իհարկե, անհանգստացնում են ԱՄՆ-ին, ու այս առումով՝ Էրդողանի անձը բավական կարևոր դերակատարություն ունի: Թիրախում հենց Էրդողանն է հայտնվում, որովհետև ողջ պրոցեսներն ուղղորդվում են Էրդողանի կողմից, և պատահական չէ, որ հարվածի սլաքն ուղղվում է հենց նրա դեմ»:
Թուրքագետը չի կարծում, թե ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից տրվող մեսիջները Թուրքիայի իշխանությունների վարքագծի վրա էական ազդեցություն կունենան. «Թուրքական իշխանություններն այնպիսի գործընթացներում են խրված, որ ստիպված են նման կերպ էլ շարունակել: Մենք տեսնում ենք Էրդողանի բավական ագրեսիվ, ինքնավստահ գործողությունները, որոնք էլ հենց, շատ դեպքերում, հանգեցնում են տարբեր միջազգային ոլորտներում, միջազգային քաղաքականության մեջ հակասությունների»:
Մեր հարցին՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի վտանգ կա՞ արդյոք, թուրքագետ պատասխանեց. «Ես հավանական չեմ համարում, մեծ հաշվով, քաղաքացիական պատերազմի հնարավորությունը Թուրքիայում, բայց ինչ խոսք, բավական բարդ իրավիճակ է: Էրդողանի, նրա իշխանության համար առաջիկայում ևս լուրջ խնդիրներ ի հայտ կգան, բայց որպես այդպիսին՝ քաղաքացիական պատերազմի հավանականություն դեռևս չեմ տեսնում»: