Թուրքիայի գլխավոր շտաբը մեկնաբանել է երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին լուրերը
Թուրքիայի գլխավոր շտաբը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե մի խումբ բարձրաստիճան թուրք զինվորականներ պետական հեղաշրջում են նախապատրաստում:
Ավելի վաղ մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել երկրում կազմակերպվող ռազմական հեղաշրջմասն մասին: Հեղաշրջումն իբր պետք է կազմակերպվեր ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից: Այդ տեղեկությունը հրապարակվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամերիկյան այցի ժամանակ:
«Կարգապահությունը, հրամանատարությանը անխոս ենթարկվելը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի Զինված ուժերի համար: Ցանկացած անօրինական և հրամանատարության հետ չհամաձայնեցված գործողություններն անհնար են: Թուրքիայի գլխավոր շտաբը դարձյալ իր հավատարմությունն է հայտնում ժողովրդավարությանն ու երկրի Սահմանադրությանը:
Նման մեղադրանքներն անհիմն են ու դրանք տարածողների նկատմամբ քրեական հայց է ներկայացվել: Նրանք բարոյալքում են զինծառայողներին ու անհանգստացնում մեր անձնակազմին»,- ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրության մեջ: