Բաժիններ՝

Շիրակի մարզի Շաղիկ համայնքին տարածք կհատկացվի՝ որպես խոտհարք օգտագործելու համար

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Շիրակի մարզի Շաղիկ համայնքին տարածք հատկացվեց՝ որպես խոտհարք օգտագործելու համար:

Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի գյուղատնտեսական հողերը ներկայումս չեն բավարարում համայնքում անասնապահության կարիքները հոգալու համար: Խնդրին լուծում տալու համար համայնքին հարակից ազգային պարկին պատկանող 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով, նախատեսվում է հատկացնել Շաղիկ համայնքին՝ որպես խոտհարք օգտագործելու համար:

Հավանության արժանացնելու դեպքում, Արամայիս Գրիգորյանը մեկ օր ժամանակ խնդրեց՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ ճշտում կատարելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք համայնքն անասնագլուխ ավելացնելու պարտավորություն վերցնում է, ինչին ի պատասխան՝ Արամայիս Գրիգորյանն ասաց, որ համայնքի ապրելու, գոյատևելու միակ միջոցն անասնապահությունն է:

«Ես էլ եմ մտածում իրենց ապրելու, լավ ապրելու մասին, դրա համար եմ ասում՝ անասնագլուխներն ավելացնեն»,- ասաց վարչապետը: Արամայիս Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարության հետ ծրագրեր կներկայացվեն, որին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Մշակույթի նախարարությունը ևս պետք է մասնակցի:

«Ի՞նչ կա, տիկին Պողոսյան»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը, ինչին ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանն ասաց, որ «նախագիծը չեն նայել»:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագիծը համաձայնեցման չեն ուղարկել: Բնապահապանության նախարարը պատասխանեց, որ այստեղ լուրջ խնդիր չկա, ինչին վարչապետը հակադարձեց. «Թող իրենք ասեն՝ լուրջ խնդիր կա՞, թե՞ չկա»:

Մեկ օր ժամանակ տրվեց՝ նախագիծը ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս