Բաժիններ՝

«Ես տարիներ շարունակ լսում եմ հայ երաժշտություն և, կարելի է ասել, սիրահարված եմ այդ երաժշտությանը». Ֆեդերիկո Մոնդելչի

Այսօր Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Հավերժական մեղեդիներ» խորագրով համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին արտերկրից հրավիրված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգը մեկնարկեց լրագրողների համար պատրաստած անակնկալով՝ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և Վահան Մարտիրոսյանի համատեղ երաժշտական կատարմամբ:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ սա 2016 թվականի արդեն երկրորդ նախագիծն է. «Այս նախագծի շուրջ մենք շատ երկար ենք մտածել, որովհետև Ֆեդերիկո Մոնդելչիի հետ մենք արդեն մի քանի անգամ ելույթներ ենք ունեցել, և կարիք կար նորացված ծրագրի ու գաղափարի: Մենք խնդրեցինք մեր մի քանի կոմպոզիտորների՝ լարային նվագախմբի և սաքսոֆոնի համար փոխադրումներ անել, որը բարեհաջող կերպով կատարվեց: Մշակումների արդյունքում հանդիսատեսն այս անգամ հնարավորություն կունենա լսելու Կոմիտասի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Թարիվերդիևի, Մանսուրյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները»:

Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին նշեց, որ շատ ուրախ է կրկին Հայաստան վերադարձի, Վահան Մարտիրոսյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կրկին համերգով ներկայանալու հնարավորության համար. «Այս ծրագիրը հայ կոմպոզիտորների մտահղացումն է, իսկ ես տարիներ շարունակ լսում եմ հայ երաժշտություն և, կարելի է ասել՝ սիրահարված եմ այդ երաժշտությանը: Առիթ եմ ունեցել համագործակցելու նաև Միխայիլ Թարիվերդիևի կնոջ՝ Վերա Թարիվերդիևայի հետ՝ կատարելով Թարիվերդիևի ստեղծագործությունները: Թեև այս համերգը նախատեսված էր անցյալ տարի՝ Ցեղասպանության 100- ամյա տարելիցի շրջանակներում, բայց ավելի կոնկրետացավ հիմա: Թեև անցյալ տարի՝ 2015-ին, ես Իտալիայի մի քանի քաղաքներում կատարեցի հայկական մի շարք ստեղծագործություններ՝ Կոմիտասից, Խաչատրյանից և Հարությունյանից: Այս անգամ ես ձեզ եմ փոխանցում նաև Վերա Թարիվերդիևայի ողջույնները, ով, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել այստեղ, որովհետև այս տարի Միխայիլ Թարիվերդիևի հոբելյանական տարին է, և նա շատ հպարտ էր՝ իմանալով, որ մենք այս համերգի շրջանակներում անդրադառնալու ենք նաև նրա ստեղծագործություններին»:

Տեղեկացնենք, որ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Իսպանիայում կայացած սաքսոֆոնահարների համաշխարհային փառատոնում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար՝ ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում նաև՝ Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի Դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Երաժիշտը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում և սերտ համագործակցության մեջ է Մոսկվայի Կամերային նվագախմբի հետ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Հավերժական մեղեդիներ» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս