«Մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հետ». Արմեն Աշոտյանը՝ Հրազդանի ընտրությունների մասին

«Ինչպես գիտեք` ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետին՝ Հրազդանի գալիք ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հրազդան քաղաքում նախատեսվող քաղաքապետի ընտրությունների մասին՝ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ինչպես հայտնի է, քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

Ա. Աշոտյանի խոսքով՝ ինքն անձամբ հետևում է ՏԻՄ բոլոր ընտրություններին, և նա կարծում է՝ Հրազդանի պարագայում իրավիճակը մի քիչ այլ է. «Որովհետև, կարծես թե, որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այդ ընտրությունները վերածել ոչ թե ՏԻՄ լոկալ ընտրությունների, այլ դարձնել քաղաքական: Ինչևէ, մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հետ: Կարծում եմ՝ Հրազդանը վստահաբար այն տեղը չի լինելու, որտեղ տարբեր, ոչ հրազդանցի քաղաքական գործիչներ կփորձեն կայացնել սեփական քաղաքական միավորումները: Բոլոր դեպքերում, եթե կարիքը լինի օգնելու մեր թիմին, մենք կօգնենք, բայց հուսով եմ՝ հրազդանցին ինքնուրույն կկայացնի իր որոշումը՝ անկախ նրանից՝ որ թեկածուին է քվեարկելու»:

Նրա խոսքով՝ քաղաքական խաղերը տեղին չեն այնպիսի քաղաքում, ինչպիսին Հրազդանն է, քանի որ հրազդանցիները բոլորն իրար շատ լավ գիտեն, ու շատ լավ գիտեն թեկնածուներին, «Այսինքն՝ լրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն մենք ինքներս չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնելու»:

168.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ արդեն որերորդ անգամն է՝ նույն թեկնածուին է առաջադրում ՀՀԿ-ն, ուրիշ թեկնածու չունե՞ք, Ա.Աշոտյանն այսպես արձագանքեց. «Դուք նայե՞լ եք թեկնածուների ցանկը, Ձեզ միակ անծանոթ անունը ո՞րն է այնտեղ՝ ՕԵԿ թեկնածո՞ւն, այդ հարցը տվեք, խնդրում եմ, նաև մյուս թեկնածուին, թե ինչու է պարբերաբար այդ մարդն առաջադրվում: Որևէ իրավունքի սահմանափակում այս տեսակետից ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, հետևաբար՝ այդ հարցը, բացի ձեզ մոտ ծագելուց՝ այլ տեսակի հիմնավորում չունի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս