Սթիվեն Հոքինգը պատմել է մաքսանենգ ճանապարհով ԽՍՀՄ-ում Աստվածաշունչներ տարածելու փորձերի մասին
Ուսանողական խմբի հետ ԽՍՀՄ ուղևորության ժամանակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ու նրա ընկերներն անօրինական եղանակով Աստվածաշունչներ են տարածել ռուսերեն լեզվով, ինչից հետո ձերբակալվել են իշխանությունների կողմից: Իր կենսագրության այս դրվագի մասին հայտնի գիտնականը պատմել է TASS-ին տված հարցազրույցում:
Հոքինգի խոսքով՝ ԽՍՀՄ կատարած յոթ ուղևորություններից առաջինի ժամանակ խմբի անդամներից մեկը (բապտիստ) խնդրել է երկիր տանել Աստվածաշնչի օրինակներ:
Վերադառնալիս խորհրդային իշխանություններն իմացել են այդ մասին ու որոշ ժամանակով պահել խմբին, այդուհանդերձ, գիտնականին ու նրա ուղեկիցներին ազատ են արձակել միջազգային սկանդալից խուսափելու նպատակով:
Բացի այդ՝ Հոքինգը գործակալության հետ զրույցում պատմել է իր օրվա ռեժիմի մասին: Գիտնականի առավոտն սկսվում է բժշկական պրոցեդուրաներով, օրը՝ գիտական հետազոտություններով ու հասարակայնության հետ աշխատանքով, երեկոն անցնում է երաժշտությամբ և կինոյով:
Ֆիզիկոսը նաև խոստովանել է, որ հաճախ է գիշերները տառապում անքնությամբ: