Անի Մաջնունյանի սպանության գործն ուղարկվեց դատարան
Դատախազը հաստատել է Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է այդ դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանին:
Անի Մաջնունյանի դին, ով հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում: ՀՀ քննչական կոմիտեն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ.Մխիթարյանը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ հանգեցրել է Անի Մաջնունյանի մահվան։