«Այստեղ էլ՝ ազգադավ, ժողովրդադավ լրտեսներն իրենցն են անում…». Հայրիկյանը՝ ԸՕ-ի մասին

«Մեր երկրի իշխանությանը տիրացած ռուսական լրտեսներին իրենց դաշնակից լրտեսների հետ հաջողվեց բթացնել ու կամազրկել մեր հանրությանը, ու, եթե ԱԻՄ-ն էլ լռի, բոլորովին մոռացության կմատնեն պղծված հիմնական օրենքի հարցը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա գնահատմամբ՝ հարցերի հարցն այն է, որ «մենք ապրում ենք ապօրինի և կեղծված հանրաքվեով ընդունված Սահմանադրության պայմաններում»։ Պ. Հայրիկյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի ընդունումն արդար Սահմանադրության պայմաններում մի քանի օրվա, մեկ շաբաթվա հարց է: «Ես դեռևս 7 տարի առաջ 6 կուսակցությունների հետ, և ԱԺ, և Նախագահին ներկայացրել եմ խորհրդարանի իրապես կատարյալ ընտրակարգն ու աշխատակարգը (Բացարձակ ժողովրդավարության համակարգի շրջանակներում)։ Բոլորն էլ գիտեն, որ ինչպես Սահմանադրության հարցում, այդպես էլ՝ այստեղ, ազգադավ, ժողովրդադավ լրտեսներն իրենցն են անում, և մյուսների մասնակցությունն այդ «գործընթացին»»:

Նա նշեց, որ ինքը ողջունել է ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի որոշումը՝ ընդառաջել «Պետություն՝ հանուն Մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության կոչին և միանալ մարտի 16-ին կայանալիք հանրահավաքին. «Հրավիրված են բոլոր այն քաղաքացիները, ովքեր «ոչ» են ասել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ։ Եթե դրանց նույնիսկ 10 տոկոսը ներկայանա ծրագրվող հանրահավաքների շարքին, ապա հայությունը կարող է անկախ ու ազատ (այսինքն՝ իրապես հզոր) Հայաստանի նախադրյալներ ստեղծել, հակառակ դեպքում՝ մեզ լրտեսները կտանեն դեպի բացարձակ ֆորպոստացում»:

Տեսանյութեր

Լրահոս