«ԱՄՆ-ը կպահպանի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անգամ Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում». Պետդեպ
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն անգամ Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում: Կոլումբյան համալսարանին կից Գլոբալ Էներգետիկական քաղաքականության կենտրոնում կայացած խորհրդաժողովում այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Դենիել Ֆրիդը:
«Եթե Մինսկի համաձայնություների դրույթները կատարվեն Ռուսաստանի կողմից, ապա մենք միեւնույն Է կպահպանենք (սահմանափակող) միջոցների փաթեթը Ղրիմի անեքսիայի պատճառով,- ասել է նա:- Դա կնշանակի Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառումը չճանաչելու երկարաժամկետ քաղաքականության իրականացում»: Նման միջոցներ, ինչպես հավելել է նա, գործում էին ԽՍՀՄ-ի նկատմամբ, երբ ԱՄՆ-ը չէր ճանաչում Մերձբալթիկայի երեք հանրապետությունների ներառումը ԽՍՀՄ-ի կազմում:
«Միակ տարբերությունը՝ այն ժամանակ չէր կիրառվում պատժամիջոցների ռեժիմը»,- պարզաբանել է նա՝ վստահություն հայտնելով, որ «Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումը կաճի»: