«Հայաստանում ոչ ոք չադրայով ման չի գալիս, և բոլորի համար ակնհայտ է, թե ովքեր են գնում ընտրությունների». Արմեն Մարտիրոսյան

Իշխանությունն նոր Ընտրական օրենսգրքի միջոցով փորձում է երկարաձգել իր կառավարման ժամկետը: Այս մասին այսօր նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ դա արվում է, քանի որ իշխանության նկատմամբ վստահություն չկա, այն ոչ լեգիտիմ է, Սահմանադրության փոփոխությունները ոչ լեգիտիմ են դարձել կեղծված հանրաքվեի պատճառով: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսպիսի Ընտրական օրենսգիրք ներկայացնելով՝ իշխանությունները հետապնդել են մի նպատակ՝ ներկայացնել շատ վատ տարբերակը, որը քննարկումների արդյունքում կդառնա վատը, ոչ թե նորմալ օրենսգիրք:

Անդրադառնալով նախագծի թերություններին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ սա, ըստ էության, ոչ թե մեծամասնական ընտրակարգից հրաժարում էր, այլ՝ դրա թվաքանակի մեծացում: Նա նշեց, որ դա անընդունելի է, Հայաստանը կարելի էր դիտարկել՝ որպես մեկ ընտրատարածք, և պարզ համամասնական ընտրակարգի պարագայում որևէ խնդիր չէր լինի.

«Էլ չեմ խոսում նրա մասին, որ շատ բարդ կազմված Ընտրական օրենսգիրք է, որ շատ իրավաբաններ մի քանի իրավաբանական կրթություն պետք է ստանան, որպեսզի բոլոր նրբություններին տիրապետեն»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց նաև, որ արհեստական սահմանափակումներին դեմ են.

«Դակելն անթույլատրելի է, որովհետև դակեցինք, բայց քվեաթերթիկի գույնից արդեն երևալու է, թե ում են քվեարկել, և սա լինելու է վերահսկողություն»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրացուցակները պետք է հրապարակվեն. «Հայաստանում ոչ ոք չադրայով ման չի գալիս, և բոլորի համար ակնհայտ է, թե ովքեր են գնում ընտրությունների: Հենց այդ խնդիրն է եղել»: Նա կարևորեց նաև տարածքների տեսանկարահանումը, պարզ ընտրական համակարգը:

Տեսանյութեր

Լրահոս