Բաժիններ՝

Քսանից ավելի կազմակերպություններ պատրաստ են գործել Ջրվեժի ինժեներական քաղաքում

Երևանի Ջրվեժ թաղամասում ինժեներական քաղաքի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի շուտով: Սա տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցական ոլորտի այն խոշորագույն ծրագրերից է, որը նախատեսված է իրականացնել ընթացիկ տարում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ներկայում հողի կարգավիճակի ճշտման աշխատանքները մոտենում են ավարտին: «Քանի որ հատկացվող տարածքը պատկանում է պետական ձեռնարկությանը, Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է սեղմ ժամկետում հողի հատկացման հարցերը կարգավորել, որի ավարտից հետո մենք ունենք հատկացված միջոցներ շինարարությունը սկսելու համար»,ասաց փոխնախարարը` հիշեցնելով, որ քաղաքի գաղափարի նախաձեռնողը «National Instruments» ամերիկյան ընկերությունն է, որի ա ռաջնորդությամբ և կառավարության աջակցությամբ է ծրագիրն իրականացվելու: «Նախատեսվում է ինժեներական 40 ստարտափ կազմակերպությունների ներգրավվածություն Ջրվեժ ինժեներական քաղաքում: Կառավարությունն իր միջոցներով կկառուցի ենթակառուցվածքային համակարգը, իսկ քոթեջային գրասենյակները կկառուցվեն կազմակերպությունների միջոցներով: Սա պետական-մասնավոր արդյունավետ նախագիծ է` հստակ բիզնես ծրագրով»,-ասաց Էմիլ Տարասյանը` հավելելով, որ ծրագիրը նախատեսում են ավարտել մինչև հաջորդ տարվա կեսերը:

Փոխնախարարի խոսքով` արդեն քսանից ավելի կազմակերպություններ պատրաստ են հենց վաղվանից սկսել աշխատանքներն ու գործել ինժեներական քաղաքում: «Մենք ստարտափերի պակաս հաստատ չենք ունենա, ցանկություն հայտնողները շատ են»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ նախապատվությունը տրվելու է տեղական ստարտափերին` միևնույն ժամանակ հավելելով, որ պարտադիր չէ` դրանք լինեն «National Instruments»-ի ստարտափերը: «Լինելու են ինժեներական ու որոշակի նորարարական լուծումներ առաջարկող կազմակերպություններ»,-հավելեց Էմիլ Տարասյանը:

Նրա գնահատմամբ`ինչպես տեխնոլոգիական կենտրոնների փորձը ցույց տվեց, քաղաքի հիմնումը լավագույն խթան է կազմակերպությունների համար փոխշահավետ համագործակցություն հաստատելու առումով: «Միջավայրը ստեղծում է նոր գործնական հարաբերություններ, ռեսուրսների օպտիմալ բաշխում է կատարվում: Երբ քո կողքին կա մի կազմակերպություն, որը կարող է իրականացնել քո արտադրական շղթայի մի մասը, լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն չի առաջանում, կատարվում է ռեսուրսների օպտիմալ բաշխում, ինչը հանգեցնում է նաև արտադրանքի ինքնարժեքի նվազմանը: Այս պայման ներում կարելի է արդյունավետ աշխատանք տանել ու մրցունակ ապրանք արտադրել»,-ընդգծեց Էմիլ Տարասյանը:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս