Հանրապետության հրապարակում երկու կին ծեծել են իրար, քաշքշել մազերից
Հանրապետության հրապարակում երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու կանանց: Ամբաստանյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Հանրապետության հրապարակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով, պայուսակով, բջջային հեռախոսով հարվածել է ծանոթ աղջկա՝ գործով մյուս ամբաստանյալի դեմքին, հրելով գցել է գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով վերին վերջույթների քերծվածք՝ արյունազեղումների ձևով:
Մյուս ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հանրապետության հրապարակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր ծանոթ՝ գործով մյուս ամբաստանյալին, քաշքշել մազերից, ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ` աջ հոնքային, զույգ սրունքների շրջանների քերծվածքների, զույգ բազուկների, զույգ սրունքների շրջանների արյունազեղումների ձևով:
Երկու ամբաստանյալի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Դատավորը, ում մակագրվել է քրեական գործը, այն արդեն վարույթ է ընդունել: