«Թեկնածություն չենք առաջադրելու և որևէ մեկին չենք սատարելու». «Ժառանգությունն» ու «Հիմնադիր խորհրդարանը» չեն մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ թեկնածու-ներկայացուցիչներ նշված ընտրատարածքներում չունեն. «Ներկայացուցիչներ ունենք, բայց ոչ թեկնածու: Այս ընտրություններում թեկնածություն չենք առաջադրելու և որևէ մեկին չենք սատարելու: Աշնանը Վանաձորում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կքննարկենք և, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք, որովհետև Գյումրիում և Վանաձորում լավ ներկայացուցիչներ ունենք: Բացի այդ` որոշակիորեն քաղաքացիական դաշտեր կան այդ երկու քաղաքներում, և մեզ համար միշտ հոգեհարազատ շրջանակ է եղել համագործակցության համար: Այնտեղ կմասնակցենք, իսկ մնացած տեղերում՝ հետագան ցույց կտա: Համենայնդեպս, ապրիլին չենք մասնակցելու»:
Հարցին՝ այս նշված քաղաքներում որևէ հետաքրքրություն չունե՞ն, նա պատասխանեց. «Ոչ, չեզոք ենք այդտեղ»:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ չեն մասնակցելու ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Հրազդանում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
168.am-ի թղթակիցը եղել է Հրազդանում և պարզել, որ հրազդանցիներին առանձնապես չի հետաքրքրում, թե առաջիկա ընտրություններում ով է լինելու իրենց քաղաքապետը: