«Տղամարդիկ ևս սկսել են բավականին շատ դիմել պլաստիկ վիրահատությունների համար». «Արզնի» կենտրոնի կլինիկական օրդինատոր
«Արզնի» էսթետիկական վիրաբուժության կենտրոնն արդեն 6 ամիս գործում է, ու այս վեց ամիսների ընթացքում ունեցել է մոտավորապես 100 հիվանդ: Կենտրոնն այս տարի առաջին անգամ մասնակցում էր «Առողջապահություն և դեղագործություն-EXPO 2016»-ին:
Նշենք, որ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 4-6-ն անցկացնում է 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և դեղագործություն-EXPO 2016»: Ցուցահանդեսին մասնակցում են տեղական և արտասահմանյան դեղագործական ընկերություններ, տարբեր ընկերությունների կողմից ներկայացված են բժշկական սարքավորումներ, և այլն:
«Արզնի» կենտրոնի կլինիկական օրդինատոր Մարինե Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ իրականացնում են բոլոր տեսակի էսթետիկ վիրաբուժություններ, որոնց մեջ ներառված են՝ քթի վիրահատությունները, ականջների, կրծքագեղձերի, և այլն, նաև իրականացնում են հետվիրահատական պրոցեդուրաներ:
Նրա խոսքով՝ իրենց բավականաչափ շատ են դիմում. «Կլինիկայի նորություններից հիմնականում նա է, որ կլինիկան ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով հաճախորդների երկար մնալու համար, որը շատ կարևոր է: Միայն մեզ մոտ կա Հայաստանում հատուկ սարք՝ 3D մոդելավորում իրականացնելու համար, սա շատ կարևոր է: Ի տարբերություն ֆոտոշոփերի, որոնք հաշվի են առնում միայն 2D պատկերները, սա ապահովում է եռաչափ մոդելավորում»:
Մեր այն հարցին, թե՝ ավելի շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են ձեզ դիմում պլաստիկ վիրահատությունների համար, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Առաջ կանայք էին ավելի շատ, բայց ներկայումս նկատում ենք, որ տենդենց կա, որ տղամարդիկ ևս սկսել են բավականին շատ դիմել, ինչը շատ գովելի է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: