Կախա Կալաձեն կայցելի Ադրբեջան՝ գազային բանակցությունների նպատակով
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է վրացական IPN գործակալությունը:
Կալաձեի խոսքով՝ ինքը Ադրբեջանում կհանդիպի SOCAR ընկերության ներկայացուցիչների ու կոնսորցիումի ղեկավարության հետ:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք՝ կապված այն բանի հետ, որ ունենանք հնարավորություն ու կարողանանք ստանալ հավելյալ ծավալներ «Շահ Դենիզից»:
Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված ու կարծում ենք, որ, հավանաբար, որոշակի համաձայնության կգանք: Դրանից հետո մենք կպատկերացնենք, թե ինչպես կավարտենք «Գազպրոմի» հետ բանակցությունները»,- հայտարարել է Կալաձեն:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, որը Կալաձեն անցկացրել է մի քանի օր առաջ «Գազպրոմի» ղեկավարության հետ, ապա, նրա խոսքով, ոչ մի կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել:
Վրաստանի փոխվարչապետը ենթադրում է, որ այդ հարցը կորոշվի մի քանի օրից: