«Նա հնարավորություն կունենա այսուհետ շատ ավելի ազատորեն ներկայացնելու իր անձնական տեսակետը». Նաիրա Զոհրաբյանը՝ Վահան Բաբայանի հրաժարականի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նորմալ է գնահատում իրենց մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հրաժարականի փաստը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ն. Զոհրաբյանն ասաց, որ կան ներկուսակցական խնդիրներ, և Վ. Բաբայանը չի ցանկանում այլևս շարունակել խոսնակի պարտականությունը:
Նա տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում կներկայացնեն իրենց նոր խոսնակին: «Վահան Բաբայանը մեր գործընկերն է, որևէ այլ տարաձայնություն, բացի մի քանի խնդիրներից՝ զուտ խոսնակի պարտականությունների հետ կապված, մենք չունենք, այնպես որ, առաջիկայում մենք կներկայացնենք նոր խոսնակին, մենք չենք շտապում»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Վ. Բաբայանը լքի ԲՀԿ-ն, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ես նման տրամադրություն բացարձակ չեմ տեսել, այդ հարցերը պետք է տաք Վահան Բաբայանին, նման խնդիր ԲՀԿ-ում չի քննարկվել, խոսքը բացառապես վերաբերել է մամուլի խոսնակի պարտականությունների հետ կապված որոշակի խնդիրներին»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնել-չմտնելով է պայմանավորված Վահան Բաբայանի հրաժարականը, Ն. Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Ես պատասխանեցի, թե պատճառն իրականում որն է, դուք ինձանից չեք ստանալու, դա մեր ներկուսակցական խնդիրներն են, և բացարձակապես կոռեկտ չի լինի, եթե մեր կուսակցության ներքին խնդիրները ես քննարկեմ մամուլի հետ: Ի վերջո, կարծում եմ նաև՝ կայացնելով նման որոշում, հնարավորություն կունենա այսուհետ շատ ավելի ազատորեն ներկայացնելու իր անձնական տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ»:
Հարցին՝ ճնշվա՞ծ էր ԲՀԿ-ում մամուլի խոսնակի դերում լինելով՝ Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես՝ ոչ, բայց եղել են դեպքեր, երբ կուսակցության դիրքորոշումները չեն համընկել մեր գործընկերոջ անձնական դիրքորոշման հետ, բայց կարծում եմ՝ մենք պետք է հարգենք իր դիրքորոշումը: Ես անձամբ հարգանքով եմ վերաբերվում իր որոշմանը»: