«Երկրպագուներն իրավունք ունեն բացահայտորեն քննադատել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն արդարացի է համարել թիմի ֆանատների վանկարկումը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում դանիական «Միդթյուլանդի» հետ անցկացրած խաղի ժամանակ (1:2): «Սարսափելի մրսում ենք հինգշաբթի երեկոյան և մենք ուղղակի բոլորից վատ ենք խաղում»,- ցենզուրային թարգմանությամբ մոտավորապես նման բառեր էին վանկարկում «կարմիր սատանաների» ֆանատները խաղի վերջին րոպեներին:
«Մենք հիասթափված ենք ոչ պակաս, քան երկրպագուները: Ես երախտապարտ եմ նրանց աջակցության համար: Նրանք, ինչպես և մենք, հաղթանակներ են ուզում, և հույս ունենանք, որ մեզ կհաջողվի հաղթել «Օլդ Թրաֆֆորդում»: Դժվար է պայքարել, երբ լազարեթում 14 ֆուտբոլիստ կա: Երկրպագուները կարող են քննադատել: Նրանք դրա իրավունքն ունեն: Եթե նայենք երկրորդ խաղակեսը, ապա նրանք, հնարավոր է, ճիշտ են: Բայց մենք պետք է շտկենք խաղը, և այդ դեպքում երկրպագուները նորից մեր կողմից կլինեն: Մենք դա տեսել ենք անցած 18 ամիսների ընթացքում»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում Goal պորտալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը