«Մեդալը չամիչ չի». Արմեն Մովսիսյանը վերադարձնում է Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած՝ «Զինվոր Հայրենյաց» մեդալը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող և ստեղծագործող հեղինակ կատարող Արմեն Մովսիսյանը վերադարձնում է Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած «Զինվոր Հայրենյաց» մեդալը: Այս մասին նախoրեին երգահանը տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառումով, որտեղ մասնավորապես նշված էր. «Հայոց բանակի 24-ամյակի տոնական համերգից առաջ էլ կարծում էի, որ մեդալի արժանի չեմ… բայց տեղի տվեցի, ինչ որ է… Հիմա երբ նաև պարզվեց, որ չկարողացա անձամբ օգտակար լինել Հայոց բանակին դրամահավաքի հարցում, վերադարձնում եմ այդ մեդալը… Իսկապես մեդալը չամիչ չի: Խոնարհումս հայ զինվորին: Ու ընդհանրապես այդ պարգևատրությունը ավելորդ էր ըստ իս»:

Պարզելու համար, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել հրապարակայնորեն նման հայտարարությամբ հանդես գալու և վերադարձնելու պարգևը, թե ի՞նչ համերգի մասին է խոսքը, որի չկայացման արդյունքում երգահանը որոշել է նման հայտարարությամբ հանդես գալ, 168.am-ը կապ հաստատեց պարոն Մովսիսյանի հետ: Մեզ հետ զրույցի ընթացքում վերջինս մանրամասնեց.

«Խոսքը Լոս Անջելեսում կազմակերպված՝ Հայոց Բանակին նվիրված բարեգործական համերգի մասին է, որից առաջացած հասույթը պետք է ուղղվեր բանակին: Արդյունքում՝ կազմակերպիչների մոտ չստացվեց համերգից շահույթ ստանալ: Ես էլ համերգի մասնակից էի ու պարգևատրվել էի մեդալով (ի դեպ, բոլոր մասնակիցներն էին ստացել՝ ոչ միայն ես): Դե, քանի որ շահույթ չկար, որպես մասնակից և իմ բաժին պարտավորվածություն՝ որոշեցի հրաժարվել այդ մեդալից»:

Տեղեկացնենք, որ «Զինվոր Հայրենյաց» մեդալը հիմնադրվել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի, իրավաբանական անձանց միության կողմից 2009 թվականի նոյեմբերի 3-ին: «Զինվոր Հայրենյաց» մեդալ շնորհվում է՝ բանակաշինությանը նպաստող գործունեության, բանակում կարգ ու կանոնի հաստատման, բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու, բանակի հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելու, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին բանակի հարցերին առնչվող վերահսկողական գործունեությանը լայնորեն օժանդակելու համար:

Կարդացեք նաև

Ինչպես հաղորդում է ամերիկյան USArmenianews.com կայքը, վերոհիշյալ համերգը տեղի է ունեցել հունվարի 28-ին Լոս Անջելեսի «Ալեքս» համերգասրահում: «Grand-Party» ընկերության կողմից կազմակերպված բարեգործական համերգը կրել է «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» խորագիրը, որի հասույթն ամբողջությամբ նվիրվելու էր Հայոց Բանակին: Բարեգործական համերգի կազմակերպիչ «Grand Party» կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանը կայքին տված իր հարցազրույցում նշել էր՝ «Ցավոք սրտի, հասույթ չկա, դրա փոխարեն՝ մեր կազմակերպությունն այս համերգի մասով կուտակել է պարտքեր»:

 

Տեսանյութեր

Լրահոս