Թուրքիայի ընդդիմության ղեկավարը դեմ է սիրիական պատերազմում իր երկրի ներգրավմանը
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դեմ է արտահայտվել ցանկացած որոշումների, որոնք կարող են Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ ու քննադատել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վարած արտաքին քաղաքականության համար, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի հրետանին կրակ է բացել Սիրիայի հյուսիսում գտնվող «Միննեխ» ավիաբազայում ու հարակից գյուղում գտնվող քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկների ուղղությամբ: Գնդակոծությունները շարունակվել են նաև երեկ:
Դավութօղլուն դա անվանել է պատասխան միջոց՝ կապված Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության կողմից Թուրքիայի սահմանին սպառնացող վտանգի հետ՝ պահանջելով կուսակցությունից հեռանալ Հալեպից հյուսիս գտնվող դիրքերից, ինչին ի պատասխան կուսակցության ղեկավար Սալիխ Մուսլիմը տվել է բացասական պատասխան:
«Դավութօղլուն հայտարարել է, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը պետք է կողմնորոշվի, թե ում կողմից է: Ինչպես և 2003 թվականի մարտի 1-ին (երբ Թուրքիայի խորհրդարանը մերժեց Իրաքում Թուրքիայի մասնակցության հարցումը), մենք դեմ ենք բոլոր որոշումներին, որոնք Թուրքիան կարող են ներգրավել պատերազմի մեջ: Նա, ով պետք է լինի ինչ-ոչ մեկի կողմը, անձամբ Դավութօղլուն է, որը աջակցում է Էրդողանի արտաքին քաղաքականությանը, այլ ոչ թե առաջնորդվում է Թուրքիայի շահերով»,- իր Twitter-ում գրել է Քեմալ Քըլըչդարօղլուն:
Նա հավելել է, որ անթույլատրելի է համարում սիրիացի փախստականների ողբերգությունը քաղաքական առևտրի վերածելը: