ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են. ՀՀԿ ԳՄ անդամ
«Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը պայմանավորված էր այն իրողություններով, որում Հայաստանը գտնվում է: Մենք ընդունել ենք նոր Սահմանադրություն, որը պահանջում է բարեփոխումներ բոլոր բնագավառներում՝ պետական կառավարման համակարգում, օրենսդրական, և ընդհանրապես՝ աշխարհայացքային, և դրա մասին հենց նախագահի ելույթն էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ի պատասխան դիտարկմանը, որ մինչև շաբաթվա վերջ սպասվում էր ՀՀԿ-ՀՅԴ հարաբերությունների վերջնական հստակեցում, բայց այդ մասին երեկ չխոսվեց, Գ.Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են, մոտ ապագայում կավարտվեն:
Հարցին, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ «պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ», արդյոք արտոնյալների մի մեծ բանակ ՀՀԿ-ում չէ՞, Գ.Մինասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այն, ինչ ասաց պարոն նախագահը, որովհետև առանց այդ խնդրի լուծման՝ չենք կարող մեր երկրում ստեղծել նորմալ բարոյահոգեբանական իրավիճակ, այդ խնդրի լուծմանը ՀՀԿ-ն ձեռնամուխ է եղել վաղուց և շարունակելու է այդ խնդրի լուծումն ավելի մեծ թափով, հատկապես, որ նոր Սահմանադրությունը և դրանից բխող օրենսդրությունը թույլ է տալու դա իրականացնել ավելի մեծ արդյունավետությամբ»: