«Իրավապահ մարմինների հետ հետևելու ենք, որպեսզի մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և ըստ օրենքի պատժվեն». Սեյրան Օհանյան
«Ամենացավալի երևույթներից մեկը՝ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված, երևի թե մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և նաև, ինչու չէ, ինստիտուի ղեկավարության աշխատանքի վրա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2016թ. մշակվե՞լ են արդյոք նոր մոտեցումներ՝ նման վիճակներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանը:
Սեյրան Օհանյանն ասաց, որ ռազմական ինստիտուտն իր առջև դրված խնդիրներն իրականացրել է, եթե դա չաներ, այսօր չէինք կարողանա զինված ուժերն ապահովել համապատասխան հրամանատարական կազմով: «Մենք ունենք հրամանատարների մի մեծ համաստեղություն, որոնք այսօր իրենց գրագիտությամբ, իրենց ունակություններով չեն տարբերվում ո՛չ Խորհրդային միության, ո՛չ այլ կադրային սպաներից: Դեռ ավելին, առանձնանում են նաև իրենց գրագիտությամբ, գաղափարական և նաև հայրենասիրական համապատասխան դասիարակությամբ: Ցավոք սրտի, նաև այսպիսի կարելի է ասել կազմակերպված և կատարյալ կառույցներում են լինում ցավալի երևույթներ և նաև բացթողումներ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ նշանակված ծառայողական քննությունների արդյունքում մեծ քանակով համապատասխան պաշտոնատար անձինք են պատժվել, եղել են ազատումներ, շատերը փոխարինվել են, մեծ ուշադրություն է դարձվում զինված ուժերի այլ զորմասերից լավագույն սպաներով համալրելու հարցին:
Սեյրան Օհանյանն ասաց, որ հարցն այսօր իրավական դաշտում է. «Մենք իրավապահ մարմինների հետ հետևելու ենք, որպեսզի մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և ըստ օրենքի պատժվեն»