Չի բացառվում, որ հրաժեշտ տամ իմ մասնագիտությանը, քանի որ այսօր դերասանի պահանջարկը բավականին նվազել է. Սեպուհ Ապիկյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սեպուհ Ապիկյանը: Նրա հետ կայքը խոսել է իր հետ կատարված դժբախտ պատահարի հետեւանքով երկարատեւ լռությունից հետո կրկին նկարահանվելու, հեռուստադիտողի արձագանքի եւ ոլորտում առկա նրան անհանգստացնող խնդիրների մասին:
-Սեպուհ, երկար դադարից հետո վերադարձ, այն էլ բավակին լուրջ եւ հեռուստադիտողին անծանոթ խաղով: Մի փոքր կպատմե՞ք վերադարձի մասին՝ ինչպե՞ս ստացաք առաջարկը:
– Իմ աշխատանքային դադարի առաջին եւ հիմնական պատճառը երկու տարի առաջ ինձ հետ կատարված վթարն էր եւ դրա հետեւանքները: Իհարկե, այնպես չէ, որ մինչ այդ լողում էի առաջարկների մեջ, կամ ունեի լայն ընտրություն, որոնցից կհրաժարվեի կամ կընդունեի, սակայն ինչպես նշեցի, հիմնական պատճառը դժբախտ պատահարն էր, որի պատճառով մոտ 1.5 տարի ուղղակի թե հոգեպես եւ թե ֆիզիկապես հնարավորություն չունեի աշխատելու: Վնասվածքներս ծանր էին, երկար ժամանակ գիտակցությունս մթագնած էր, իսկ շարժումներս սահմանափակ, մի խոսքով ադեկվատ չէի: Իրականում, այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ երբեւէ կկարողանամ աշխատել իմ սիրելի մասնագիտությամբ: Մեր մենթալիտետում մի չգրված օրենք կա, երբ արտիստը մի որոշ ժամանակով անհետանում է բեմից եւ էկրաններից, նրա մասին շատ շուտ մոռանում են: Այդ հարցում ոչինչ չես կարող անել, բայց ինձ համար էլ անսպասելի առաջարկ ստացա շատ հետաքրքիր անձնավորության եւ յուրահըատուկ ռեժիսորի՝ Էդգար Բաղդասարյանի կողմից, ում առաջարկել էին նկրահանել «Հատուկ բաժին» հեռուստաֆիլմը: Նա նաեւ զբաղվում էր դերասանների ընտրուոթյամբ, այդպիսով ինձ էլ առաջարկեց մարմնավորել այդ ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին: Իհարկե, խոստովանեմ, որ սկզբում լիարժեք չխոստացա, որ կընդունեմ առաջարկը, քանի որ առողջական վիճակս կարող էր այնքան էլ թույլ չտալ նման ակտիվ կերպար կերտել, բայց ժամանակ անց ինձ կանչեցինք փորձնական նկարահանման եւ ինձ համար էլ անսպասելի վերջնական ընդունվեցի դերասանական կազմում:
-Ի՞նչ զգացողություններ ու նաեւ արձագանքներ եղան այս աշխատանքիսց հետո
– Ինչ վերաբերում է զգացողություններիս, բնականաբար, այդքան երկար դադարից եւ վնասվածքներից հետո ինձ համար մի փոքր խորթ էր կրկին աշխատելը: Շատ տեսարաններ ինձ դժվարությամբ էին հաջողվում, քանի որ շնչառական խնդիր եւ ուժեղ ցավեր ունեի, սակայն հոգեբանական կողմը իմ մեջ հաղթեց ֆիզիկականին եւ տրվելով աշխատանքիս՝ ուղղակի մոռացա խանգարող հանգամանքներն ու շարունակեցի աշխատել: Այս աշխատանքից հետո մարդկանց արձագանքների մասին ոչինչ ասել չեմ կարող՝ ելնելով տարբեր պատճառներից. Նախ նկարահանումներից հետո փակվել եմ իմ մեջ եւ համարյա չեմ շփվում արտաքին աշխարհի հետ, հետո, կարծում եմ, դա իմ ասլիքը չէ, այլ հեռուստադիտողի կամ քննադատների: Եվ, իհարկե, ցավով պետք է նշեմ, որ ֆիլմի մասին ինֆորմացիան բավականին քիչ էր եւ հեռուստադիտողի քիչ հատվածն էր տեղյակ այս ֆիլմի մասին, ուստի նման դեպքերում արձագանքների մասին խոսելը դեռ շուտ է:
-Սեպուհ, մարդիկ սովոր էին Ձեզ տեսնել կատակերգական կերպարներում ու ոստիկանի դերում Ձեզ տեսնելը առավել քան անսպասելի էր, ի՞նչ եք կարծում՝ Ձերը դրամատիկ, թե կատակերգական դերերն են: Ո՞ր ժանրում եք, ինչպես ասում են, Ձեզ Ձեր ափսեի մեջ զգում:
– Միգուցե սովոր են, չգիտեմ: Բազմիցս եմ ասել ու հիմա էլ կասեմ, որ դերասանի համար չկա եւ չպետք է լինի առանձնացված ժանր: Դերասանի մասնագիտությունը հենց դրանում է, որ նա կարողանա կերտել տարբեր կերպարներ, սկսած կոմեդիայից, վերջացրած դրամատիկ եւ այլ ժանրեր: Եվ ամենակարեւորը, ամեն ստեղծած կերպար բացարձակ պետք է տարբերվի մյուս կերպաներից, այլապես, եթե նմանություն եղավ, ուրեմն դերասանը կարող է հրաժարվել իր մասնագիտությունից եւ զբաղվի մեկ այլ գործով: Սա իմ կարծիքն է, մի գուցե շատերի համար սուբյեկտիվ, բայց ինձ համար հիմնավորված: Եթե մի բան ես անում, կամ պետք է անես շատ լավ, կամ չանես ընդհանրապես: Ինքս միշտ աշխատել եմ առաջնորդվել այդ օրենքով, ընդ որում դա ինձ համար վերաբերվում է բոլոր ոլորտներին, ոչ միայն արվեստին: Ես ինձ իմ ափսեում եմ զգում, երբ հագեցած եմ լինում իմ սիրելի ստեղծագործական աշխատանքով, եւ բացարձակ կապ չունի, թե ինչ ժանրում կլինեմ: Նաեւ ուզում եմ շեշտել՝ կինոյում պետք է խաղալ կինո, իսկ թատրոնում՝ թատրոն եւ ոչ թե հակառակը, որը ցավոք շատ է պատահում:
-Նույն կերպ՝ ի՞նչ եք կարծում, մարդիկ Ձեզ ուզում են տեսնել դրամատիկ, թե կատակերգական ժանրում:
– Չեմ կարող այս հարցին պատասխանել, քանի որ մարդիկ տարբեր են: Հստակ համոզված եմ նաեւ, որ կա նաեւ հեռուստադիտողի մի զանգված, որոնք ինձ տեսնելիս ասում են՝ «Յախք, ոնց եմ սրանից զզվում»: Ցավոք, հասնելով 21-րդ դար, որն իբր ենթադրում է զարգացած ժամանակներ, սակայն անկեղծ պետք է նշեմ, որ մեր հարգարժան հեռուստադիտողների մեջ կան մարդիկ, ովքեր չեն տարբերում արտիստին նրա ստեղծած կերպարից եւ պիտակավորում են դերասանին: Վերջերս նկարահանվել եմ նաեւ «Սահմանին» ֆիլմում, կերտելով բացասական կերպարի, մարմնավում էի ադրբեջանցի դիվերսանտի, չեմ զարմանա, որ մի օր էլ ինձ ազգի դավաճան դարձնեն: Թեպետ այսօր ամեն ինչ արժեզրկված է, շատ դեպքերում մարդիկ իրենց տեղերում չեն, եւ ցավում եմ, որ համարյա բոլոր ոլորտներում, այդ թվում արվեստում աշխատում են ոչ մասնագետներ:
-Սեպուհ, վստահ եմ, որ վերջին աշխատանքը նոր սկզբի մեկնարկ է, ի՞նչ է սպասվում 2016-ին, արդեն նոր ծրագրեր կա՞ն:
– Չէի ասի, որ վերջին աշխատանքս ինչ-որ մեկնարկ է, կամ նոր առաջարկների հիմք: Ամեն դեպքում ես կամ եւ պատրաստ եմ աշխատել իմ սիրելի աշխատանքով: 2016-ի համար առանձնապես ոչ մի ծրագրեր առայժմ չունեմ: Չի բացառվում, որ հրաժեշտ տամ իմ մասնագիտությանը, քանի որ այսօր դերասանի պահանջարկը բավականին նվազել է: Գուցե զբաղվեմ մեկ ուրիշ մասնագիտությամբ, որոնք ինձ համար պակաս կարեւոր չեն, խոսքը երաժշտության եւ նկարչության մասին է:
Շարունակությունն` այստեղ