Ինչպես խուսափել H1N1-ով վարակվելուց, ինչպես ճիշտ կրել դիմակները, ինչ նախանշաններ ունի վարակը

Սուր շնչառական վարակներից Հայաստանում արդեն 13 մարդ է մահացել: Մահացածների մի մասի մոտ հայտնաբերվել է H1N1 վարակը՝ խոզի գրիպը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2009թ., երբ ողջ աշխարհում մոլեգնել էր վարակը, խորհուրդներ է ներկայացրել վարակից խուսափելու և այլ հարցերի վերաբերյալ:

Ինչ է պանդեմիկ H1N1 վարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակման համաձայն՝ մինչև 2009թ. H1N1 գրիպի պանդեմիան, այս վարակը երբեք չի նույնացվել՝ որպես մարդկանց վարակման պատճառ: Այս վարակի գենետիկական հետազոտությունների համաձայն՝ այն առաջացել է կենդանիների գրիպի վարակից և առնչություն չունի մարդու H1N1 սեզոնային գրիպի հետ, որը մարդկանց շրջանում պտտվում է դեռ 1977թ.: Հետազոտությունները ցույց են տվել, որ սեզոնային H1N1-ի հակամարմինները չեն պաշտպանում պանդեմիկ H1N1 վարակից:

Հյուսիսային Ամերիկայում 2009թ. բռնկումներից հետո գրիպի նոր վարակը տարածվեց ամբողջ աշխարհում: 2009թ. հունիսին ԱՀԿ-ի կողմից պանդեմիա հայտարարելու պահին, ընդհանուր առմամբ, 74 երկիր և տարածք հայտարարել էր լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված դեպքերի մասին: Այսօր արդեն երկրների մեծամասնությունը հայտարարել է վարակման մասին: Ի տարբերություն սեզոնային գրիպի պատկերից՝ նոր վարակը հյուսիսային կիսագնդում հիվանդացության բարձր ցուցանիշեր առաջացրեց ամռանը, ինչն առավել մեծացավ ցուրտ եղանակին:

Կարդացեք նաև

Նոր վարակն ուղեկցվում էր նաև մահացության դինամիկայով և հիվանդացությամբ, որը սովորաբար չի արձանագրվում գրիպով վարակման դեպքում: Պանդեմիկ գրիպից մահացածների մեծ մասը երիտասարդ է եղել: Ըստ երևույթին, հղիները, երեխաները, ցանկացած տարիքի անձինք, ովքեր տառապում են որոշակի քրոնիկ հիվանդություններով կամ բժշկական վիճակներով, հիվանդության ավելի բարդ և առավել ծանր ընթացքի ռիսկի են ենթարկվում: Շատ ծանր դեպքեր առաջացել էին վիրուսային պնևմոնիայի արդյունքում, որն առավել բարդ է բուժել, քան բակտերիալ պնևմոնիան, որն ուղեկցում է սեզոնային գրիպին:

Ովքեր են ծանր ընթացքի ռիսկի խմբում

Ըստ ԱՀԿ-ի՝ հասարակության որոշ խմբերի մոտ բարձր է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը: Դրանց թվում են.

  • հղիներ
  • նորածիններ և երեխաներ, հատկապես՝ 2 տարեկանից փոքր
  • ցանկացած տարիքի անձինք, ովքեր քրոնիկական հիվանդություններով են տառապում (այդ թվում՝ ասթմա կամ թոքերի, սրտի, երիկամների հիվանդություններ, դիաբետ կամ էլ որոշ նյարդաբանական վիճակներ)
  • իմունային համակարգի ծանր խանգարումներ ունեցող մարդիկ:

Մարդկանց մեծ մասի մոտ պանդեմիկ գրիպն անցնում է թեթև, և այս վարակից մահանալու ընդհանուր հավանականությունը փոքր է:

Ինչպես է տեղի ունենում վարակումը

Պանդեմիկ H1N1 վարակը մարդկանց շրջանում տարածվում է սեզոնային գրիպի նման: Այն փոխանցվում է նույնքան հեշտ, որքան սեզոնային գրիպը: Մարդիկ դրանով կարող են վարակվել միկրոկաթիլների ազդեցության ներքո, որոնք անջատվում են հազալու կամ փռշտալու ընթացքում: Տարածումը կանխելու համար անհրաժեշտ է հազալու և փռշտալու ընթացքում փակել բերանը, ինքնազգացության վատացման դեպքում՝ մնալ տանը, պարբերաբար լվանալ ձեռքերը, ինչպես նաև՝ որոշակի հեռավորության վրա գտնվել հիվանդներից:

Ինչ նախանշաններ ունի վարակը

Գրիպի այս տեսակի ախտանշանները նման են գրիպոզային երևույթներին՝ բարձր ջերմություն, հազ, գլխացավ, դիսկոմֆորտ, ցավ մկաններում, հարբուխ, ցավ կոկորդում, երբեմն՝ նաև սրտխառնոց: Մարդկանց մեծ մասը թեթև է տանում հիվանդությունը և ամբողջությամբ առողջանում է:

Բժշկական օգնության պետք է դիմել շնչահեղձության կամ դժվարաշնչության դեպքում, կամ էլ 3 օրից ավելի բարձր ջերմաստիճանի պահպանման դեպքում:

Ինչ կարելի է անել վարակից խուսափելու համար

Վարակից խուսափելու համար կարող եք կիրառել հետևյալ միջոցները.

  • Հեռավորություն պահպանեք այն մարդկանցից, ովքեր փռշտում են, հազում (աշխատեք նրանցից մոտ մեկ մետր հեռավորություն պահպանել): Քանի դեռ հիվանդ եք, և ախտանշանները չեն վերացել՝ չնայած լավ ինքնազգացողություն ունենք, աշխատանքի գնալ պետք չէ
  • պարբերաբար լավ լվացեք ձեռքերը ջրով և օճառով կամ էլ ձեռքերը մաքրելու համար նախատեսված սպիրտ պարունակող միջոցներով
  • առավելագույնս խուսափեք քթին և աչքերին ձեռք տալուց
  • որքան հնարավոր է՝ նվազեցրեք ժամանակահատվածը, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում
  • լավացրեք օդափոխությունը բնակարանում՝ բացելով պատուհանները
  • առողջ ապրելակերպ վարեք (այդ թվում՝ անհրաժեշտ չափով քնեք, սննդարար մթերքներ կերեք, ֆիզիկապես ակտիվ եղեք):

Ինչ կարելի է ասել դիմակների մասին

Եթե դուք հիվանդ չեք, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա: Եթե հոգ եք տանում հիվանդի մասին, ապա կարող եք դիմակ կրել նրա հետ առնչվելու ընթացքում: Այդպիսի կոնտակտի դեպքում անմիջապես ազատվեք դիմակից և լավ լվացեք ձեռքերը: Եթե դուք հիվանդ եք և պետք է հանգստանալու գնաք կամ գտնվում եք այլ անձանց կողքին, փակեք ձեր բերանն ու քիթը: Կարևոր է ցանկացած պարագայում դիմակները ճիշտ օգտագործել. սխալ օգտագործման դեպքում վարակման հավանականությունը մեծանում է:

Ինչ անել, երբ կարծում եք, որ հիվանդ եք

  • մնացեք տանը, մի գնացեք աշխատանքի, ուսումնական հաստատություններ կամ վայրեր, որտեղ շատ մարդ կա
  • հանգիստ եղեք և շատ հեղուկներ խմեք
  • հազալու կամ փռշտալու ընթացքում փակեք դեմքը: Թղթե անձեռոցիկներ օգտագործելու դեպքում՝ ազատվեք դրանցից: Դրանից անմիջապես հետո ձեռքերը լվացեք ջրով և օճառով կամ մաքրեք դրանք սպիրտ պարունակող միջոցներով
  • դիմակ օգտագործեք՝ սահմանափակելու համար միկրոկաթիլների տարածումը, երբ շրջակայքում շատ մարդիկ կան
  • աշխատեք որքան հնարավոր է խուսափել այլ անձանց հետ շփումից:

Հիվանդանալու դեպքում կինը պետք է դադարի՞ կերակրել երեխային

Ըստ ԱՀԿ-ի՝ դա անելու անհրաժեշտություն չկա, եթե այդպիսի խորհուրդ չի տվել բուժող բժիշկը: Գրիպի այլ վարակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրծքով կերակրելն ավելի շատ պաշտպանող նշանակություն է ունենում երեխաների համար: Դրա շնորհիվ երեխային է փոխանցվում մոր իմունիտետը, և ռեսպիրատոր հիվանդությունների հավանականությունը նվազում է: Կրծքով կերակրելն ապահովում է ամենալավ սնուցումը երեխաների համար և մեծացնում է նրանց պաշտպանական ֆունկցիաները հիվանդությունների դեմ պայքարում:

Ինչպես ճիշտ կրել դիմակները

  • դիմակը պետք է դինդ ամրանա, լավ փակի բերանն ու քիթը
  • աշխատեք չդիպչել ամրացված դիմակին: Եթե դիպել եք դիմակին այն հանելու համար, լավ լվացեք ձեռքերն օճառով կամ սպիրտ պարունակող միջոցներով
  • թաց դիմակը պետք է փոխել նորով
  • դիմակը երկրորդ անգամ մի օգտագործեք
  • օգտագործված դիմակը հանելուն պես պետք է դեն նետել:

Տեսանյութեր

Լրահոս