Բաժիններ՝

«Մեր հիմնական խնդիրն է՝ փոխել մարդկանց մտածողությունը». Ռուբեն Վարդանյան

Ես կարծում եմ, որ չափազանց վճռորոշ է լինել ավելի ռիսկային, լայնախոհ ու հավատով լի՝ պայծառ ապագայի նկատմամբ. ասել է բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը OneArmenia (onearmenia.org) նախագծի շրջանակներում տված իր վիդեոհարցազրույցի ժամանակ:

«Մեր հիմնական խնդիրն է՝ մարդկանց մտածողությունը փոխել՝ անկախ նրանից, թե մարդն ապրում է այստեղ կամ չի ապրում, բայց իրեն հայ է զգում: Մեր առաջին խնդիրն է՝ փոխել վերաբերմունքը՝ գոյատևումից դեպի բարգավաճում անցնելու համար: Շատ կարևոր է, որ մենք դառնում ենք ավելի ռիսկային, լայնախոհ, հավատով լի՝ պայծառ ապագայի նկատմամբ:

Երկրորդ՝ ես ուզում եմ ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է, որ մարդիկ կարող են հավատալ՝ անկախ իրենց առաջ ծառացած տարբեր մակարդակների խնդիրներից, որ դու կարող ես հավատալ, որ կարող ես փոխել քո կյանքը, քեզ շրջապատող կյանքը, ու ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել, եթե դու հավատում ես, որ ունես ճշմարիտ գաղափարներ, ճշմարիտ տեսլական»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Հայկական սփյուռքի մասին խոսելիս՝ գործարարը նկատում է, որ հայկական սփյուռքը ներդրումներ էր կատարում՝ առանց հետ նայելու, թե դրանք տրամադրություն, գիտակցություն փոխո՞ւմ են, թե՞ ոչ, կամ պարզապես բարեգործություն են կատարում:

«Սփյուռքը կարիք ունի ավելի խելացի ներդրումային գործիքների»,- կարծում է վերջինս:
Խոսելով Հայաստանի զարգացման հեռանկարների մասին՝ գործարարը նկատում է, որ զբոսաշրջությունը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանի պես փոքր երկրին, ու այն կարող է փոխակերպումների բանալի լինել Հայաստանի համար:

Խորհուրդ սկսնակ ձեռներեցներին

«Առաջին հերթին՝ նրանք պետք է պատրաստ լինեն ձախողումներին ու չվախենան անկումներից: Դու միշտ էլ ռիսկի ես դիմում՝ ինչ էլ որ անես՝ լինի դա մեկ վայրից մյուս վայրը տեղափոխվե՞լ, թե՞ ինչ-որ նոր բանի ձեռնամուխ լինել: Դու միշտ ռիսկի ես դիմում ձախողվել ու նորից սկսել:

Երկրորդ՝ կարծում եմ, որ մարդիկ հաճախ պատճառներ են բերում՝ ասելու, թե ինչու է ինչ-որ բան անելն անհնար` իրենց համոզելու համար, թե ինչու նրանք ինչ-որ բան չեն կարող անել: Դժբախտաբար, բազմաթիվ մարդիկ չեն ցանկանում ռիսկի դիմել ու ուզում են փաստարկներ բերել, թե ինչու են նստած ու ոչինչ չեն անում: Դա հայկական պահվածք չէ, դա բոլոր ազգերին է բնորոշ»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Իմաստուն խոսքեր

«Ինչպե՞ս կարող ես հաջողակ դառնալ… Քո ուժեղ և թույլ կողմերի գիտակցմամբ, հարկավոր է ճիշտ օգտագործել ժամանակն ու ռեսուրսները: Լինես հետևողական ու համբերատար, քանի որ հաջողակ լինելը մեծ ջանքեր, ցավ, տառապանք է պահանջում, քանզի դու երազանքներ ունես:

Առաջին՝ դու պետք է ունենաս երազանքներ, երկրորդ՝ ունենաս մարդիկ, ովքեր կհավատան քեզ ու կհետևեն քեզ: Ու դու պետք է լինես հաստատուն»,- ասում է բարերարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս