Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 30 քրեական գործ՝ հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 30 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ ահազանգերին։
Յուրաքանչյուր գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության առգրավվել են տարբեր ընտրատեղամասերի ընտրացուցակները, գրանցամատյանները, էեական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել փորձաքննություններ։ Քննվող քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ թիվ 39/39 և թիվ 8/08 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի պարբերաբար տեղեկություն տրամադրել։
Ստորև՝ համառոտ տեղեկություն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի մասին
1. Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղում գտնվող թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին։ Որոշ ժամանակ անց՝ ժամը 12:30-ի սահմաններում, նա կրկին այցելել է նույն ընտրատեղամաս՝ եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով և քվեարկել։
Ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:
2. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Կատարվում է քննություն։
3. 2015թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:30-ին Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեյաի Վանաձորի գրասենյակի կողմից «hcav.am» ինտերնետային կայք էջում տեղադրվել է ահազանգ այն մասին, որ նույն գրասենյակի դիտորդների կողմից Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում հայտնաբերվել է մեկից ավելի քվեարկության դեպք։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է մտել ինքնությունը չպարզված մի անձ և փորձել ձեռքում եղած թղթերը գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. նկատել է հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանը:Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Կատարվում է նախաքննություն:
4. Դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:
Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։
5. «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրված այն ընտրողների տվյալները, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Պարզվել է, որ Լուսիկ և Ռուբեն Հարությունյանների անվան դիմաց ստորագրած, քվեարկությանը մասնակցած անձանց գրանցել է հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը: Նախաքննությունը շարունակվում է։
6. 2015 թվականի դեկտեմբերի 06-ին «newsbook» լրատվական կայքում հրապարակվել է «Ընտրախախտում 10/14 ընտրատեղամասում. տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել» վերտառությամբ հրապարակումը։
Ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող Ժենյա Ղասաբօղլյանը, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։
7. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազություն ահազանգել է՝ թիվ 10/20 ընտրատեղամասում մի ընտանիքի փոխարեն կատարված քվեարկության մասին։
Քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ահազանգում մատնանշված անձանց ինքնությունը՝ Երևան քաղաքի թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Վաչագանի Ասլանյան, Մարիամ Գրիգորի Դեմիրճյան և Անահիտ Սերոժի Հարությունյան, որոնց անվան դիմաց ընտրացուցակներում առկա են եղել ստորագրություններ և, ըստ ահազանգի, նրանց փոխարեն քվեարկել են այլ անձինք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։
8. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «armlur.am» տեղեկատվական հարթակում տեղադրվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. Լրագրողական հետաքննություն» վերտառությամբ հրապարարում և տեսանյութ, որի հիման վրա նախապատրաստված նյութերում, դատախազի գնահատմամբ, առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։
Դատախազի կողմից քրեական գործ հարուցելու որոշման համաձայն՝ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ լրագրողը քվեարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների թիվ 9/12 տեղամասում։
Նախապատրաստված նյութերում և հիշյալ տեսանյութում «առերևույթ առկա են կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավել անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշներ», և դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ստացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
9. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «hetq.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել էր տեղեկույթ առ այն, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված անձանց փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։
Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ.Աթեյանը նույն տեղամասի ընտրողներ Հասմիկ Ռաֆայելյանի, Սիրանուշ Ռաֆայելյանի և Սանդուխտ Ռաֆաելյանի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Աթեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
10. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։
Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանը, Հ.Դեմիրճյանը և Թ.Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։
Դեպքի առթիվ դեկտեմբերի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
11. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «asparez.am» կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում, արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ։
Նկատի ունենալով, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
12. 06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը, պարզել այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Գայանե Գյուլնազարյանը բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն մեկ ուրիշը մասնակցել է քվեարկությանը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:
13. 06.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել այն մասին, որ 5/21 ընտրատեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Ահազանգի հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ժամանակ նշված ընտրատարածքի ընտրող Արտաշես Թարխանյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
14. 06.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վ.Փափազյան 29 հասցեում տեղակայված 5/21 ընտրատեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ալբերտ Հայկի Սիմոնյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ անհայտ անձը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 29 հասցեում կազմակերպված թիվ 5/21 տեղամասում քվեարկել է իր փոխարեն:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
15. 06.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վ.Փափազյան 29 հասցեում տեղակայված 5/21 ընտրատեղամասում անհայտ անձը քվեարկել է Վ.Դանիելյանի փոխարեն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Վահագն Արմենի Դանիելյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է իր ընտրատեղամաս և պարզել, որ Վահրամ Փափազյան փողոցի 29 հասցեում տեղակայված թիվ 5/21 տեղամասում իր փոխարեն քվեարկություն է կատարվել:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
16. 07.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել քաղաքացի Վիկտորիա Ավակովան և հայտնել, որ թիվ 5/30 ընտրատարածքի քվեարկողների հաշվառման ցուցակում իր անվան դիմաց ստորագրել է մեկ ուրիշը։ Արաբկիրի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Վիկտորիա Ավակովան հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/30 ընտրատեղամաս, որտեղ տեսել է, որ քվեարկողների ցուցակում մեկ ուրիշն ստորագրել է իր անվան դիմաց։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
17. «Hetq.am» տեղեկատվական հարթակում դեկտեմբերի 6-ին հրապարակվել է նյութ առ այն, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում թիվ 03/12 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք։ Ահազանգի հիման վրա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Ռոզա Սարգսյանը բացատրություն է տվել, որ բնակվում է ծերանոցում, սակայն գրանցված է հորեղբոր տանը։ Դեկտեմբերի 6-ին ներկայացել է թիվ 03/12 ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը և պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Բացի այդ, պարզել է, որ քվեարկել են նաև իր եղբոր, եղբոր կնոջ և նրանց դստեր փոխարեն, ովքեր շուրջ 4 տարի Հայաստանում չեն բնակվում։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
18. 06.12.15թ. ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն ահազանգ է ստացվել, որ թիվ 03/24 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք։
Ահազանգի հիման վրա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշված ընտրատարածքի ընտրող Մանվել Թադևոսյանը բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 03/24 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր, մոր և քրոջ փոխարեն արդեն քվեարկել են։ Նկատել է նաև, որ քվեարկել են իրենց հարևանների՝ հայր և դուստր Ալեքսանյանների փոխարեն, ովքեր շուրջ 25 տարի է բացակայում են հանրապետությունից և բնակվում են Շվեդիայում։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
19. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «asparez.am» կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ 03/02 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք։
Ահազանգի հիման վրա քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Մարիետտա Խաչատրյանը բացատրություն է տվել այն մասին, որ դեկտեմբերի 6-ին գնացել է թիվ 03/02 ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը և պարզել, որ իր և իր աղջկա փոխարեն արդեն քվեարկել են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
20. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին ստացվել է «tsayg.am» տեղեկատվական հարթակում հրապարակված՝ «Գյումրիում քվեարկել են քաղաքացու փոխարեն» վերտառությամբ հոդվածի պատճենը։ Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 35/37 ընտրատեղամասի ընտրող Նազելի Բաղդասարյանի անուն-ազգանվան դիմաց ընտրացուցակում ստորագրել է այլ քաղաքացի, ով իր ընտրությունն իրականացրել է նույնականացման քարտով:
Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
21. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին ստացվել է «galatv.am» տեղեկատվական հարթակում հրապարակված «ՌԴ-ում գտնվող քաղաքացու փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն» վերտառությամբ հոդվածի պատճենն այն մասին, որ Ռուսաստանում գտնվող քաղաքացու փոխարեն կատարվել է քվեարկություն։ Ահազանգի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 35/28 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Աշոտ Հարությունյանի անվան դիմաց եղբայրը հայտնաբերել է ստորագրություն և անձնագրային տվյալներ, մինչդեռ Ա.Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
22.ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «asparez.am» տեղեկատվական հարթակում 06.12.2015 թվականին հրապարակված «Քաղաքացիների լրահոսը ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության» վերտառությամբ նյութը, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ թիվ 35/35 ընտրատեղամասի ընտրող Ա.Մաթևոսյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է նշված ընտրատեղամաս՝ մասնակցելու ՀՀ Սահամանադրության փոփոխությունների հանրաքվեին և նկատել, որ ընտրողների ցուցակում ներառված, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող որդու՝ Հովհաննես Մաթևոսյանի անվան դիմաց առկա են ընտրությանը մասնակցելու վերաբերյալ տվյալներ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
23. «asparez.am» տեղեկատվական հարթակում 06.12.2015 թվականին հրապարակված նույն՝ «Քաղաքացիների լրահոսը ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության» վերտառությամբ նյութի ուսումնասիրության արդյունքում նյութեր են նախապատրաստվել նաև թիվ 34/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Պարզվել է, որ թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Սուսաննա Գևորգյանի, նրա՝ ՀՀ-ից բացակայող հարազատների՝ Գագիկ և Վաղինակ Գևորգյանների փոխարեն կատարվել է քվեարկություն:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
24. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին ստացվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը՝ թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգի հիման վրա։
2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:
Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց համաձայն՝ 06.12.2015թ.՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ Մ.Հարությունյանը, պարզելով, որ նշված անձի անձնագրում արդեն իսկ առկա է դրոշմակնիք, կանչել է հանձնաժողովի նախագահ Արա Էդիկի Դադայանին: Նույն պահին Մ.Հարությունյանին մոտեցած անձը, վերցնելով անձնագիրը, շտապ հեռացել է ընտրատեղամասից: Նշված փաստն Ա.Դադայանի կողմից արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
25. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 17-ին ստացվել է թիվ 34/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործը։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «civilnet.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Գյումրի. Բացակա հարազատներդ արդեն «քվեարկել են» վերտառությամբ նյութը։ Ըստ հրապարակման՝ թիվ 34/19 ընտրատեղամասի ընտրողները «հայտնաբերում են, որ հանրապետությունից բացակա իրենց հարազատներն արդեն քվեարկել են»։ Ահազանգի հիման վրա՝ ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 34/19 ընտրատեղամասի ընտրող Ռ.Գրիգորյանը դեկտեմբեր 6-ին գնացել է ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ հայտնաբերել է, որ հարսի փոխարեն կատարվել է քվեարկություն, մինչդեռ նա բացակայում է հանրապետությունից։ Բացի այդ, նկատել է, որ իր ընտանիքի մյուս երկու անդամների անվան դիմացի սյունակներում լրացված են եղել անձնագրային տվյալներ։ Ռ.Գրիգորյանը մասնակցել է քվեարկությանը, սակայն կատարվածից զայրացած արգելել է ընտանիքի մյուս անդամներին գնալ հանրաքվեի։
Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որով նախաքննությունն իրականացվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։
26. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 17-ին ստացվել է թիվ 34/01 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործը։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «galatv.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Բացակա անձինք շարունակում են ակտիվորեն մասնակցել քվեարկությանը»։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 34/01ընտրատեղամասի ընտրող Ռ.Մաթիլյանը դեկտեմբեր 6-ին գնացել է ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկվել է։
Ռ.Մաթիլյանի փոխարեն քվերակելու դեպքի առթիվ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որով նախաքննությունն իրականացվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։
27. Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 18-ին ստացվել է թիվ 34/38 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
07.12.2015թ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվել է «Հանրահավաքի լրահոսն ըստ «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության» վերտառությամբ հոդվածը, համաձայն որի թիվ 34/38 ընտրատեղամասում քվեարկել են այլ անձի փոխարեն և խախտումն արձանագրվել է հանձնաժողովի կողմից:
Ահազանգի հիման վրա Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ թիվ 34/38 ընտրատեղամասի ընտրող Լ.Գրիգորյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ նկատել է, որ ամուսնու անվան դիմացի սյունակում լրացված են եղել անձնագրային տվյալներ և առկա է եղել ստորագրություն, մինչդեռ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով և ըստ ենթակայության ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
28. Դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է «1in.am» տեղեկատվական հարթակում «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են» վերտառությամբ հրապարակված նյութի հիման վրա ոստիկանության Նոր Նորք բաժնում նախապատրաստված նյութերը։
Պարզվել է, որ 1/07 ընտրատեղամասի ընտրող Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ պարզվել է, որ իր փոխարեն գրանցամատյանում արդեն ստարագրված է, բարձրաձայնել է այդ մասին: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ Մ.Թանդիլյանը հեռացել է ընտրատեղամասից։
Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել դեկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
29. 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է թիվ 10/23 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։
Դեկտեմբերի 06-ին Զառա Մուրադյանը զանգահարել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ այցելելով թիվ 10/23 ընտրատեղամաս՝ պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են:
Ահազանգը դատախազության կողմից փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ նախապատրաստվել են նյութեր:
Նույն օրը՝ ժամը 20:10-ին, ոստիկանության թեժ գիծ է զանգահարել նաև Դանիել Իոնեսյանը և տեղեկացրել կատարվածի մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Զարուհի Մուրադյանը հաղորդում և բացատրություն է տվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 06-ին քվեարկության մասնակցելու նպատակով այցելել է թիվ 10/23 ընտրատեղամաս, սակայն տեղում պարզել է, որ իր և իր հետ նույն հասցեում բնակվող և դեկտեմբերի 06-ի դրությամբ ՀՀ-ից բացակայող որդու` Արա Ճաղարյանի փոխարեն արդեն քվեարկել են, իսկ ընտրացուցակներում առկա են քվեարկությանը մասնակցելու մասին վկայող ստորագրություններ:
Դեպքի առթիվ 16.12.2015թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ: 25.12.2015թ. քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար, նույն օրն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն:
30. 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է թիվ 10/13 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։
2015թ. դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ օպեր լիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 10/13 ընտրատեղամասում երկու անհայտ անձինք փորձել են երկրորդ անգամ մասնակցել քվեարկությանը, սակայն ՀԱԿ խմբակցության վստահված անձ Դավիթ Վարդանյանի կողմից նշված անձանցից մեկի անձնագրում հայտնաբերվել է արդեն իսկ հանրաքվեին մասնակցելու մասին վկայող կնիքը, ինչից հետո դիմել են փախուստի՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով:
Թիվ 10/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նվարդ Հովակիմյանը /ԲՀԿ/ և ՀԱԿ վստահված անձ Դավիթ Վարդանյանը նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ ժամը 19-ի սահմաններում ընտրատեղամաս են եկել երկու անձինք, որոնցից մեկը, ստանալով քվեաթերթիկը և ծրարը, մոտեցել է քվեախցին, հետո երբ ցանկացել է այն գցել քվեատուփի մեջ, Դ.Վարդանյանը նկատել է անձնագրում հանրաքվեին մասնակցելու մասին վկայող կնիքը, որից հետո հիշյալ քաղաքացին, խլելով անձնագիրը, դիմել է փախուստի` քվեաթերթիկը շպրտելով գետնին: Մյուս քաղաքացին, դա տեսնելով, նույնպես դիմել է փախուստի` քվեաթերթիկն իր հետ տանելով:
Կազմվել է համապատասխան արձանագրություն, հիշյալ քվեաթերթիկը մարվել է:
Դեպքի առթիվ 16.12.2015թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
25.12.2015թ. քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, նույն օրն ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիետեի տարածքային տարբեր ստորաբաժանումներում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 149-րդ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 150-րդ (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը), 154.1-րդ (Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը), 154.2-րդ (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), քննությունը ենթակա է կատարման Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: