Ձեր բույրը. ընտրեք օծանելիք` ըստ Կենդանակերպի նշանի
Յուրաքանչյուր մարդ ձգտում է ընտրել այն բույրը, որը համահունչ կլինի իր ներաշխարհին, կընդգծի յուրահատկությունը, կառանձնացնի բնավորության ուժեղ կողմերը: Հաճախ դա այնքան էլ հեշտ խնդիր չի լինում: Օգնել կարող է Ձեր Կենդանակերպի նշանը. նրան համապատասխան՝ Դուք կգտնեք հենց այն օծանելիքը, որը կդառնա Ձեր էության ներդաշնակ շարունակությունը:
Բույրեր` Կենդանակերպի Հրե տարերքի նշանների համար (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր)
Կենդանակերպի Հրե նշաններն աչքի են ընկնում վառ խառնվածքով: Նրանց եռանդը սահման չունի, իսկ անդադար շարժումը և նպատակին ձգտելը դառնում է նրանց բնական կենսակերպը: Դրա համար Հրե տարերքի ներկայացուցիչների համար բույրը պետք է անպայման լինի հագեցած և զգայական: Իդեալական հարմար կլինեն արևելյան օծանելիքները` մշկընկույզի, դարչինի և զաֆրանի տտիպ նոտաներով, ցիտրուսային բույրերը, նաև բույրերը` թութունի նոտաներով:
1. Խոյերի անհատականությունը կընդգծեն սուր օծանելիքները` սանդալի, թուրինջի, մշկընկույզի երանգներով:
2. Առյուծներին կհամապատասխանեն էկզոտիկ մրգերի և համեմունքների համադրությունը, վանիլի, հասմիկի և վարդի բույրերը:
3. Աղեղնավորներին համապատասխանում են մեխակի և համեմի վառ բույրերը, ինչպես նաև՝ էկզոտիկ ծաղիկների խիտ բույրերը:
Բույրեր Կենդանակերպի Հողի տարերքի նշանների համար (Ցուլ, Կույս, Այծեղջյուր)
Կենդանակերպի Հողի նշանները պրակտիկ են և կշռադատող: Սթափ նայում են աշխարհին և աչքի են ընկնում օբյեկտիվության բարձր մակարդակով: Հողի նշանների հանգստությունը կընդգծեն դասական բույրերը, ինչպես նաև՝ մայրու, հիրիկի, սանդալի, բերգամոտի, նարդոսի նոտաներով փայտային և ծաղկային բույրերը:
1. Նպատակասլաց և հեռատես Ցուլերին հարմար կլինեն օծանելիքներ վանիլի, իլանգ-իլանգի, նարդոսի երանգներով:
2. Նրբաճաշակ և ճշտապահ Կույսերին իդեալական կլինեն գիհու, հակինթի և աղանիճի երանգներով բույրերը:
3. Պահպանողական և պատասխանատու Այծեղջյուրները նախըտրություն պետք է տան ծխի և գիհու նոտաներով, «կաշվային» բույրերին, ինչպես նաև՝ եղեսպակի սուր ընդգծված երանգներով օծանելիքներին:
Բույրեր Կենդանակերպի Ջրի տարերքի նշանների համար (Խեցգետին, Կարիճ, Ձուկ)
Ջրի տարերքի ներկայացուցիչները հակված են խորանալ իրենց ներաշխարհի մեջ` ղեկավարվելով ինտուիցիայով և էմոցիաներով: Դատողության անկախությունը և հոգևոր փակվածությունը հաճախ նրանց դարձնում է հանելուկ շրջապատի համար: Ընդգծել ներքին ազատությունը և զգացմունքների ուժը կօգնեն օվկիանոսային բույրերը: Դրանք ջրային, ձմերուկային նոտաներով բույրեր են` շուշանի և ցախկեռասի երանգներով:
1. Խեցգետիններին դուր կգա բույրը` հիրիկի և հասմիկի երանգներով, ինչպես նաև՝ մանուշակի և ռեհանի նոտաները:
2. Կարիճներին անտարբեր չի թողնի ծովային և ծաղկային բույրերի համակցությունը. ջրային թարմությունը և հասմիկի, խոլորձի, նարդոսի նոտաները:
3. Երազկոտ Ձկներին հարմար կլինեն ուրցի, շուշանի և մրտենու երանգներով բույրերը:
Բույրեր Կենդանակերպի Օդի տարերքի նշանների համար (Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս)
Օդի տարերքի ներկայացուցիչներն առանձնանում են աշխարհի նկատմամբ ոչ ստանդարտ հայացքով, հարուստ երևակայությամբ, շփման բարձր մակարդակով և ակտիվությամբ: Շնորհիվ հոգևոր կյանքի և պրակտիկ գործունեության միջև ոսկե միջինը գտնելու ընդունակության՝ հեշտությամբ հասնում են հաջողության յուրաքանչյուր բնագավառում: Օդային նշանների համար բույրը պետք է արտացոլի այդ առանձնահատկությունը, լինի թեթև, բայց կայուն:
Շատ հարմար կլինեն ծաղկային և օզոնային նոտաներով բույրերը` ցիտրուսի նուրբ երանգներով:
1. Երկվորյակների համար հարմար կլինի օծանելիքը` նվենու, նարդոսի և մանուշակի երանգներով:
2. Կշեռքներին խորհուրդ են տրվում քաղցր բույրեր` վարդի և վանիլի երանգներով:
3. Ջրհոսների անհատականությունը կընդգծի թեյի ծառի բույրը` խոտային և ջրային նոտաներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը