Ադրբեջանի տնտեսության սև օրերից մեկը

Բավական դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ այդ երկիրը ներքաշվել է հերթական ֆինանսական հորձանուտ: Մեկ օրում մոտ 50 տոկոսով արժեզրկվել է մանաթը՝ երկրի ազգային դրամամիջոցը: Դրանից մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարել էր, որ «անցնում է մանաթի լողացող կուրսի»: Հետագայում տեղի ունեցած իրադարձությունների մասին ոչ ադրբեջանական լրատվամիջոցներում շատ քիչ տեղեկատվություն կա: Իսկ ադրբեջանական կայքերն ակնհայտ լուրջ գրաքննության տակ են: Ոչ մի կայք չի նկարագրում երկրում կատարվածը: Բայց դատելով լրատվության պատառիկներից` խոսքը ֆինանսատնտեսական իրական խուճապի մասին է:

Կարելի է ենթադրել, որ առաջին օրը փակվել են համարյա բոլոր խանութները: Մամուլում առաջին հերթին` նշվում է պարենային և ռադիոէլեկտրոնիկայի խանութների մասին: Հաջորդ օրը, հավանաբար իշխանությունների հրահանգով, բացվել են միայն պարենային սուպերմարկետները: Փոքր խանութները շարունակում են փակ մնալ: Սուպերմարկետների ցուցափեղկերը կիսադատարկ են: Առանձին կայքեր հանդգնել են մեկ-երկու լուսանկար հրապարակել: Վաճառքում ամենաարագը սպառվել է ծխախոտը: Կայքերը գրում են՝ խանութների և թերթերի կրպակների աշխատողներն ասում են, որ իրենց մոտ եղած ապրանքատեսականին միանգամից վաճառվել է, իսկ մատակարարներն առայժմ չեն կողմնորոշվում` ինչ գներով վաճառքի հանել:

Ադրբեջանական կայքերում հիմա ամենափնտրվող տեղեկատվությունը հենց ծխախոտի նոր գնացուցակներն են: Նույն իրավիճակն է նաև դեղորայքի շուկայում: Դեղատները ևս հիմնականում փակ են: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` երկրում սպառվող դեղորայքի 80 տոկոսից ավելին ներմուծվում է: Ուստի գնագոյացման համակարգն ամբողջովին կախված է տարադրամի փոխարժեքից: Իսկ տարադրամի՝ ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքը դեռևս չի կայունացել: Մանաթը շարունակում է արժեզրկվել: Այս կարգի տեղեկատվություն հրապարակելիս` կայքերը ոչ թե սեփական տեղեկատվություն են մատուցում, այլ հղում են կատարում նման լուրը հրապարակած այլ կայքերի վրա: Կարծես թե դժվար է դուրս գալ խմբագրությունից ու համոզվել, որ խանութներն ու դեղատները փակ են, իսկ սուպերմարկետները՝ դատարկ:

Կայքերից մեկը հանդգնել էր լուր գրել` «Վարչապետը թաքնվել է» վերնագրով: Պարզվում է, որ ֆինանսական ցնցման պահից ո՛չ կառավարությունը, ո՛չ անձամբ վարչապետը որևէ հրապարակային ելույթ չեն ունեցել: Ավելին՝ նախարարների մասնակցությամբ որևէ քննարկում չի կազմակերպվել: Սա` այն պարագային, երբ, ըստ մամուլի, ներկրված սննդամթերքը թանկացել է 30-50 տոկոսով: Վաճառքից անհետացել են տեղական արտադրության ձուն ու թռչնամիսը: Անհետացել են՝ նախկին գնից 25 տոկոս ավելի վաճառվելով: Մեկ-երկու պետական պաշտոնյա և «պատասխանատու» փորձագետ-տնտեսագետներ վերլուծելով իրավիճակը` համարյա ամեն ինչ բարդում են սպեկուլյանտների ու օլիգարխների վրա: Իհարկե, կան նաև քիչ թե շատ օբյեկտիվ վերլուծություններ: Դրանցում հիմնականում խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի տնտեսությունն էապես կախված է էներգակիրներից:

Ավելի ստույգ՝ դրանց միջազգային գներից: Նշվում է, օրինակ, այն մասին, որ այս տարվա սկզբից ադրբեջանական նավթն էժանացել է 34 տոկոսով: Իսկ գազը վաճառվում է վերջին 23 տարվա մեջ արձանագրված ամենացածր գնով: Բայց նման վերլուծությունների կողքին, որպես կանոն, հրապարակվում են «լավատեսական» լուրեր: Օրինակ` երկրի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովներից մեկի ղեկավարը շտապում է բնակչությանն ուրախացնել այն լուրով, որ երկրի նախագահը 10 մլն մանաթ է հատկացրել հաշմանդամներին ու զոհվածների ընտանիքներին: Բայց օր օրի արժեզրկվող մանաթը դժվար թե հարց լուծի: Կամ իրավիճակ շտկի:

Մանաթի երկօրյա ցնցումների ֆոնին տղամարդու իր խոսքն ասաց նաև երկրի նախագահը: Ալիևը, բնականաբար խոստացավ, որ անհրաժեշտ քայլեր կարվեն, որ իրենք կձգտեն «առավելագույնս նվազեցնել ընդունվելիք որոշումների բացասական ազդեցությունը», որ «մաքսային ու հարկային համակարգերն առավելագույնս թափանցիկ կլինեն»: Այս ամենին զուգահեռ, բնականաբար, հոխորտանքի իրենց բաժինը ստացան օլիգարխներն ու սպեկուլյանտները: Ալիևը խոստացավ խստորեն պատժել նրանց:

Հերթական անգամ խոստացավ:

Այդ ելույթի կողքին կայքերը հրապարակում են ալյուրի 25 տոկոսանոց թանկացման մասին լուրը և գրում, թե առայժմ որ բանկերում կարելի է տարադրամ գնել: Իսկ խոշոր բանկերում կադրային ցնցումներ են: Դրանից զատ` խոշոր բանկերի ղեկավարությունը դիմել է ուժային կառույցներին՝ խնդրելով պարզել, թե ովքեր են սոցիալական ցանցերում արատավորում իրենց բարի համբավը: Դիմումի տեքստից կարելի է ենթադրել, որ սոցիալական ցանցերում բանկերում ավանդ ունեցողներին խորհուրդ է տրվում փրկել իրենց ավանդները: Տնտեսական ճգնաժամի պատկերն ամբողջացրեց էներգետիկ պետական գիգանտի՝ SOCAR-ի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ եվրոպական գործարանները հրաժարվում են գնել ադրբեջանական նավթը:

Եվ, որ այդ կազմակերպությունը ստիպված է գնորդ փնտրել արևելյան շուկաներում: Բոլոր դեպքերում, դժվար է ադրբեջանական կայքերից քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր ստանալ երկրում տիրող իրավիճակի մասին: Դժվար է, եթե խորհրդային մամուլ ընթերցելու փորձառություն չունես: Այսինքն` չգիտես, թե ինչպես գտնել տողատակում թաքցված տեղեկատվությունը, և ինչպես «պատասխանատու» փորձագետի վերլուծության մեջ տարբերել տեղեկությունը պրոպագանդայից:

Տեսանյութեր

Լրահոս