Պերմյակովը դեպքից հետո 10 ժամ տնակո՞ւմ է գտնվել
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի վերաբերյալ զրուցել ենք սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդի՝ հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հետ:
– Դատական նիստn արտագնա՝ ռուսական ռազմաբազայում անցկացնելը դատարանը պատճառաբանել է նրանով, որ Վալերի Պերմյակովը ՌԴ դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, և գտնում է, որ արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Որքանո՞վ է հիմնավոր այս պատճառաբանությունը, եթե հաշվի առնենք, որ նա կարող էր ներկայացվել նաև ՀՀ դատարան:
– Պատճառաբանությունն անթույլատրելի է, և, ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությունում մեկը չէ, երկուսը չէ, բազմաթիվ փաստեր կան, երբ քրեակատարողական հիմնարկում դատապարտված անձի նկատմամբ կա հարուցված այլ քրեական գործ, ապա այդ գործով դատաքննությունն իրականացվում է դատարանում, և ոչ թե` քրեակատարողական հիմնարկում: Շատ հանգիստ էլ կարողանում են քրեակատարողական հիմնարկից տեղափոխել դատարանի շենք և պատշաճ էլ ապահովում են նրա տեղափոխությունը, և այլն: Այնպես որ, մենք հենց այդ՝ արտագնա դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշված հիմնավորումներին առարկություն կներկայացնենք և կներկայացնենq մեր միջնորդությունը:
– Այդ դեպքում ինչի՞ հետևանք է արտագնա նիստ անցկացնելու մասին որոշումը:
– Ռուսական կողմի հրահանգի: Ես ուրիշ բացատրություն չունեմ:
– Քրեական գործի քննությամբ պարզվե՞լ է, թե ինչպես է Վալերի Պերմյակովն Ավետիսյանների տանից հասել ՀՀ–ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված։
– Ըստ քրեական գործի նյութերի՝ ոտքով է գնացել, բայց միայն՝ ըստ Պերմյակովի ներկայացրած տվյալների: Այլ փաստեր, որոնք կապացուցեն կամ կհիմնավորեն Պերմյակովի ասածները, գործում բացակայում են:
– Իր ցուցմունքը Ձեզ համար կասկածելի՞ է:
– Իհարկե, միանշանակ: Մի ցուցմունքի վրա ընդհանրապես չի կարելի հիմնվել: Հենց բազմակողմանիությունը դրանում է կայանում: Իսկ թե ինչու հնարավոր չէ բազմակողմանիությունը, արդեն հարցը նորից տեղափոխում ենք, թե ինչու է 9 օր ուշացումով սկսվել քննությունը:
– Ասացիք, որ սահման հասնելու վերաբերյալ կա միայն Վալերի Պերմյակովի ցուցմունքը: Քննչական կոմիտեն այդ ուղղությամբ քննություն կատարե՞լ է, չի՞ հաջողվել այլ միջոցներով պարզել:
– Ուշացած է կատարել գործողությունները կոմիտեն, որոհետև Պերմյակովը գտնվել է ռուսական կողմի հսկողության տակ:
– Դեպքից հետո ամենաքննարկվող հարցը վերաբերում էր հանցակիցների առկայությանը: Քրեական գործը պատասխան տվե՞լ է այդ հարցին:
– Քրեական գործը չի հերքել և չի պատասխանել քիչ առաջ իմ նշած հարցերին՝ բացի Պերմյակովի ցուցմունքներից: Եվ, հետևաբար՝ այդ հարցը բաց է մնում՝ ինչպես է Պերմյակովը տեղափոխվել ռուսական բազայից Ավետիսյանների տուն. ենթադրենք՝ նա նշում է՝ իր նկարագրած ճանապարհով, ենթադրենք, որ նա նկարագրում է, թե Ավետիսյանների տանից ինչպես է տեղափոխվել, բայց առնվազն 10 ժամ նա գտնվել է այդ տնակում, որը ջեռուցվող չէ, և ավելին՝ որևէ փաստեր չկան, որ Պերմյակովը գտնվել է այդ տնակում, հետքեր չկան:
– Ի՞նչ տնակ է դա:
– Չգիտեմ՝ ինչ-որ դաշտի մեջ տնակ:
– Այսինքն՝ նա ասում է, որ այդ տնակո՞ւմ է մնացել սպանությունից հետո:
– Այո, գնացել, այնտեղ է պատսպարվել, բայց եթե մարդը 10 ժամ այնտեղ է գտնվում, մի հետք պե՞տք է լինի, թե՞ ոչ: