Բաժիններ՝

6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող

med-practic.com-ը զրուցել է «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան Դեմիրճյանի հետ

– Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը: Արդյոք այդպե՞ս է:

– Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված բութ մատը բերանում պահելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ատամների հետագա ձևավորման վրա. դրանց հետևանքով առաջանում են ատամների դասավորվածության շեղումները, բաց կծվածքը, ծնոտի ոչ ճիշտ ձևավորումը և այլ խնդիրներ: Ըստ ամերիկացի հայտնի գիտնական Բի Շարայի՝  նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում 12 ամսականից հետո երեխաներին ծծակ տալ:

– Ո՞ր տարիքում են դուրս գալիս երեխայի կաթնատամները, և ինչպե՞ս դրանք չշփոթել հիմնական ատամների հետ:

– Սովորաբար երեխաների կաթնատամները դուրս են գալիս 5-30 ամսականում, որից հետո՝ մինչև 3 տարեկանը, ձևավորվում է երեխայի ատամնաշարը: Ընդհանրապես մինչև  30 ամսականը երեխան պետք է  ունենա 20 կաթնատամ, իսկ հետագայում՝ 6-ից մինչև 12 տարեկանը, կաթնատամներին փոխարինում են հիմնական ատամները:  Շատ կարևոր է, որպեսզի ծնողները, այս տարիքից սկսած, ուշադրություն դարձնեն երեխաների ատամների ձևավորմանը, ինչպես նաև նկատեն առկա խնդիրները, քանի որ մանկական տարիքում կարելի է արագ լուծել դրանք և կանխել  դրանց հետագա զարգացումը:

– Կարո՞ղ է արդյոք սխալ ընտրված սնունդը ևս պատճառ դառնալ երեխայի ատամների ոչ ճիշտ ձևավորմանը:

– Իհարկե, քանի որ 8 ամսականից հետո երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել օգտագործել կոշտ սնունդ, որպեսզի նրա մոտ զարգանան ծամողական ֆունկցիան և մկանանային կառուցվածքը:  Եթե մինչև 8 ամսականը երեխան արդեն ատամներ ունի, ուրեմն անհրաժեշտ չէ սնունդը շատ մանրեցնել կամ հարել. տվյալ պարագայում միայն մանր կտրատելը լիովին բավարար է:

– Ո՞ր տարիքից է ճիշտ լվանալ երեխայի ատամները:

– Ինչպես  առավոտյան, այնպես էլ երեկոյան անհրաժեշտ է լվանալ երեխայի ատամները՝ սկսած դրանց դուրս գալու պահից: Այս գործողությունը երեխայի համար առավել դյուրին դարձնելու համար ծնողները կարող են սկզբում օրինակ ծառայել նրանց կամ սրան ավելացնել հետաքրքիր էլեմենտներ՝ այն վերածելով խաղի: Այստեղ շատ կարևոր է նաև  ատամներ մաքրելու տևողությունը, որ պետք է կազմի մոտավորապես 3 րոպե:

– Երեխայի համար ինչպե՞ս ընտրել ատամի մածուկ և խոզանակ:

– Այսօր, ի ուրախություն մեզ, կան երեխաների համար նախատեսված բազմաթիվ մածուկներ, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից: Երեխաների համար նախատեսված մածուկների բաղադրությունը էապես տարբերվում է մեծերի համար նախատեսված մածուկների բաղադրությունից, ուստի խորհուրդ չի տրվում երեխայի ատամները լվանալ մեծահասակների համար նախատեսված մածուկներով:  Ինչ վերաբերում է խոզանակին, ասեմ, որ ցանկալի է՝ այն լինի ոչ շատ կոշտ և  չունենա պտտվելու կամ շարժվելու հնարավորություններ: Այս դեպքում կարող է իդեալական տարբերակ լինել մանկական ամենասովորական խոզանակը:

– Հնարավո՞ր է, որ երեխայի մոտ կարիես առաջանա:

– Իհարկե, հնարավոր է, դա անխուսափելի է: Կարիեսի առաջացման հիմնական պատճառ են դառնում ինչպես մանրէները և սննդի մնացորդները, այնպես էլ քաղցրի չարաշահումը:  Այդ իսկ  պատճառով մեր հարգելի ծնողներին խորհուրդ կտամ, որ հոգ տանեն իրենց և իրենց երեխաների ատամների մասին, և այդ գործը չթողնեն վաղվան: Փորձեն համապատասխան ուշադրություն դարձնել  ատամներին` դրանք մաքրելով առավոտյան և երեկոյան, ինչպես նաև սննդի յուրաքանչյուր օգտագործումից հետո ողողեն բերանի խոռոչը: Միշտ պետք է հիշել, որ առողջ ու գեղեցիկ ատամները ոչ միայն լավ բուժված, այլև լավ  խնամված ատամներն են, և այդ դեպքում ատամնաբույժին այցելելը չի զուգորդվի սոսկ ցավային զգացումների հետ, այլ կդառնա հաճելի պրոֆիլակտիկ այցելություն սիրելի բժշկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս