«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Նշենք, որ բանաձևը EDS-ի խորհրդի հավաքի օրակարգ էր մտցվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության առաջարկով, որն այս տարվա ամռանից եվրոպական ամենամեծ երիտասարդական այս կառույցի անդամ է։
Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանական գործողություններն ընդդեմ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների։ Փաստաթղթով կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է նաև, որ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի իշխանությունների կողմից աշխարհում ծնում է նոր ոճիրներ։
«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության նախագահ Գիորգոս Հաջիգիորգիոն ասաց, որ առաջին անգամ է EDS-ը պաշտոնական դիրքորոշում ներկայացնում ցեղասպանությունների վերաբերյալ. «Մեր խորհրդի հավաքի ընթացքում այսօր բազմաթիվ քննարկումներ եղան, և ձայների մեծամասնությամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց։ Մենք կոչ ենք անում Եվրամիության բոլոր երկրներին, որ նրանք ևս ճանաչեն ու դատապարտեն Ցեղասպանությունը։ Պետք է ասեմ, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը նույնպես ունի իր պաշտոնական դատապարտող դիրքորոշումը հարցի շուրջ։ Բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և մեր ցանկությունն էր, որ EDS-ը ևս ունենա իր պաշտոնական տեսակետն այդ առումով»։
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) նախագահ Խավիեր Ուրտադո Միրան կարևորեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է Եվրախորհրդարանում իշխող ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կառույցը՝ EDS-ը։ «Պետք է ասեմ, որ DEMYC-ը նույնպես այս տարվա ապրիլին Երևանում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Մենք այսօր դարձյալ այստեղ ենք՝ աջակցելու մեր հայ ընկերներին, որպեսզի այս հարցն ավելի լայնորեն քննարկվի միջազգային օրակարգում»,- նշեց Խավիեր Ուրտադո Միրան՝ ընդգծելով, որ այստեղ գտնվող եվրոպացի ուսանողները, վերադառնալով իրենց երկրներ, կխոսեն այս մեծ ոճրի մասին։ Նա իր խոսքը ամփոփեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսով՝ հիշում ենք ու պահանջում։
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն