Ազատվեք թեփից մի քանի բնական բաղադրատոմսերի միջոցով
Կա՞ մի բան, որն ավելի տհաճ է, քան թեփը: Այն զրկում է մազերը գեղեցկությունից՝ դրանք ծածկելով տհաճ սպիտակ «ձյունով»:
Իհարկե, այս երևույթը գեղեցիկ չէ, սակայն այն նախևառաջ՝ առողջական խնդրի ազդանշան է: Իսկ ինչպե՞ս կարող ենք ազատվել թեփից: Նախ՝ պետք է հասկանալ, որ բազմաթիվ քիմիական միջոցներ բոլորովին չեն օգնում, այլ՝ հակառակը, վիճակն ավելի են վատացնում: Անհրաժեշտ է սկսել բնական միջոցներով բուժում:
Steptohealth կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ երևույթից:
1. Ալոէի և կիտրոնի խառնուրդ
Սա ամենաարդյունավետ միջոցներից է: Սակայն, եթե ցանկանում եք ազատվել թեփից ընդմիշտ, ապա հիշեք՝ այս միջոցը պետք է կանոնավոր կերպով օգտագործել:
Այսպիսով, 1 գդալ ալոէի գելով՝ մոտավորապես 20 գրամ, մերսեք գլխամաշկն ու թողեք գելը մնա 15 րոպե, ապա գլուխը սովորական շամպունով լվացեք: Լվանալուց հետո անհրաժեշտ է մերսել գլխամաշկը 1 կիտրոնի հյութով: Որից հետո կարող եք մազերը լվանալ գոլ ջրով, չափազանց տաք ջուր չի կարելի, քանի որ կարող եք վնասել մազերը:
Ալոէն ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն, որի շնորհիվ էլ արդյունավետ պայքարում է թեփի դեմ:
2. Սոդա
Սոդայի օգտակար հատկանիշներին բազմիցս անդրադարձել ենք: Սակայն steptohealth.ru կայքն այսօր առաջարկում է սոդայի օգտագործման մեկ այլ եղանակ: Սոդան արդյունավետ կերպով պայքարում է նաև թեփի դեմ: Այս միջոցը, որի մասին կխոսենք, պետք է զգուշորեն օգտագործել՝ շաբաթական մեկ անգամից ոչ ավելի: Հարցն այն է, որ սոդան չորացնում է մազերը, այնպես որ, ավելի լավ է չչարաշահել այն:
Նախ՝ թրջեք մազերը տաք ջրով, ապա մեկ բաժակ ջրի մեջ լուծեք 20 գրամ սոդա: Քիչ-քիչ այս լուծույթը լցրեք մազերին: Նուրբ մերսեք գլուխը, որպեսզի մազերն ու գլխամաշկը ներծծեն սոդայի լուծույթը: Պրոցեդուրայից հետո կարող եք լվանալ մազերը կոնդիցիոների միջոցով:
3. Սպիրտային քացախով թուրմ
Մեկ այլ արդյունավետ և պարզ միջոց է քացախի և անանուխի թուրմը: Անանուխը հրաշալի կերպով պայքարում է բակտերիաների և սնկային ինֆեկցիաների դեմ: Այս հրաշալի բույսը՝ քացախի հետ համադրած, իսկական հզոր զենք է դառնում թեփի դեմ պայքարում:
Նախ 20մլ քացախը լուծեք մեկ բաժակ ջրում: Ստացված լուծույթը դրեք կրակին և մեջն անանուխի 5 տերև գցեք: Եռալուց հետո թողեք, որ անանուխը թրմվի: Երբ թուրմը դեռևս տաք է, այն քիչ-քիչ ցողեք խոնավ մազերին՝ մերսելով գլխամաշկը: Ապա սովորականի պես լվացեք մազերը:
Կարևոր է հիշել, որ, եթե ցանկանում եք ընդմիշտ ազատվել թեփից, բոլոր պրոցեդուրաները պետք է կատարել կանոնավոր կերպով և ունենալ մի փոքր համբերություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը