Աղվան Վարդանյանը պարզաբանում է, թե որ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ
«Որևէ բան պարզ չի դարձել: Ես խորապես համոզված եմ, որ այն, ինչ ասվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնալու, մնում է ուժի մեջ, որովհետև նախագահն իր այդ խոսքից չի հրաժարվել, ԱԺ նախագահ չդառնալը նույնպես մնում է ուժի մեջ, որովհետև դա աբսուրդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի թիմակիցներն իր անունից պնդում էին, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոնի չի հավակնում, սակայն նախագահի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ այդքան էլ այդպես չէ:
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ Ա. Վարդանյանն ասաց, որ նախագահի պատասխանից ոչ մի բան էլ պարզ չդարձավ: «Երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր այդ հարցով, ես գիտեմ, որ այդ հարցազրույցից հետո լրագրողական տարրական փորձառությունն ու էթիկան պահանջում էր այն, ինչ խոստացել էր նախագահն Արամ Աբրահամյանին, որ «սղագրությունը կա, կասեմ՝ կփոխանցեն»:
Լրագրողի առաջին պարտականությունը պետք է լիներ՝ ձեռք բերել այդ սղագրությունը և համեմատել: Որևէ բան պարզ չի դարձել: Ախր տեսեք՝ սկզբից ասում էին՝ նա դառնալու է վարչապետ, հետո, երբ ասաց՝ վարչապետի պաշտոնին չեմ հավակնում, ասացին՝ ուրեմն՝ նա դառնալու է ԱԺ նախագահ, երբ Սահմանադրության մեջ ԱԺ նախագահի պաշտոնն էլ դարձրեցինք ոչ մշտական, սկսեցին ուրիշ երգեր երգել:
Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է դառնալ Աժ նախագահ, կարո՞ղ եք ինձ բացատրել: 2017 թվականին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 100 տոկոս համամասնականով, և 101 պատգամավորներն անուններով հայտնի են դառնալու»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը: Նա նշեց, որ միայն մի տարբերակ կա, որ նախագահը կարող է դառնալ ԱԺ նախագահ, սակայն դա էլ «աբսուրդ» է. «Մեկ տարբերակ կա միայն, որը խելագարության կանխավարկածի կամ աբսուրդի ժանրից է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ցուցակում իր անունը գրի 200-րդը, ընտրություններն ավարտվեն, 2018 թվականին իր նախագահության ժամկետն ավարտվի, և այն 30-40 հոգին, որ պատգամավոր են դարձել, դիմում գրեն, դուրս գան, ինքը մտնի ԱԺ ու դառնա պատգամավոր, և հետո՝ ԱԺ նախագահ: Աբսուրդ է դա, անհեթեթություն է»: