«Ոչ»-ի ճամբարը չհամոզեց. Լևոն Մարտիրոսյան

«Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ «Ոչ»-ի ճամբարը որքան էլ ակտիվ էր, որքան էլ փորձում էր իր ասելիքը տեղ հասցնել, գոնե ինձ՝ որպես սահմանադրական իրավունքի մասնագետի, չհամոզեցին, որևէ համոզիչ փաստարկ ես չլսեցի, և դա հասկանալի էր, որովհետև փաստաթուղթը եթե ոչ իդեալական է, ապա այն առնվազն շատ լավն է՝ որպես մասնագիտական փաստաթուղթ: Այլ հարց է, որ տարբեր ուժերի մոտ քաղաքական օրակարգ կա, և փորձում են այս կամ այն առիթն օգտագործելով՝ այդ օրակարգն առաջ տանել: Այս դեպքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն օգտագործվեց ինչ-որ քաղաքական շահարկումներ անելու առիթ, բայց չեմ կարծում, որ դա ստացվեց»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, թե հարցազրույցի ժամանակ նախագահն այդպես էլ չհստակեցրեց՝ 2018թ. ինչո՞վ է զբաղվելու, ու այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ երկրում եթե վատ է, մեղավորը գործող Սահմանադրությունն է, նա պատասխանեց. «Ինչպես նախագահը դիպուկ նշեց, որ ինքը նախկին նախագահների խոսքերի մեկնաբանը չէ, ես, առավել ևս՝ ո՛չ նախկին, ո՛չ գործող նախագահի խոսքերի մեկնաբանն եմ: Այն ամենը, ինչ նախագահը հարմար գտավ ասելու, ասաց: Նախագահն ասաց, որ իր քաղաքական ծրագրերը կհնչեցնի 2017թ. ընտրություններից հետո՝ կախված այդ ընտրությունների արդյունքներից: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կամ դրա իրագործումն ընդունվելուց հետո այս պահին շատ ավելի կարևոր են, քան քաղաքական այս կամ այն առաջնորդի ծրագրերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս