Բաժիններ՝

Ինչպե՞ս վարվել, երբ ամուսինները երկար ժամանակ հեռու են ապրում իրարից. պատասխանում է Սմբատ քահանան

– Ինչպե՞ս վարվել, երբ ամուսինները երկար ժամանակ հեռու են ապրում իրարից և մի քանի ամիս են ապրում միասին: Այս դեպքում ժուժկալության մասին տղամարդու համար չեմ կարող ասել, իսկ կինը ինչպե՞ս վարվի:

– Աշխարհում գայթակղությունները շատ են: Մեզ պետք է հետևել Տիրոջ պատվիրանին. «Զգույշ եղեք… գուցե ծանրանան ձեր սրտերը շվայտությամբ և արբեցությամբ և աշխարհական հոգսերով, և հանկարծակի գա ձեզ վրա այն (դատաստանի) օրը … Արդ արթուն կացեք և միշտ աղոթք արեք, որպեսզի արժանի լինեք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է…» (տես՝ Ղուկ. 21:34-36): Մենք բոլորս տկար ենք և ենթակա գայթակղություների: Ուստի շատ աղոթեք, և հիշեք, որ կյանքի վայելումը մարմնական չէ, այլ՝ հոգևոր, որովհետև «ոչ միայն հացով է ապրում մարդը, այլ այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում» (Մատթ. 4:4): Թվում է, թե դժվար է ժուժկալել, կամ՝ անհնար, սակայն «ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստծու համար» (Ղուկ. 18:27): Աստված կարող է Ձեզ զորացնել՝ բարձրացնելով Ձեզ ժուժկալության առաքինության: Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդությամբ կարող ենք մենք հաղթել մեր մարմնական կրքերը: Այս ամենը գրեցի Ձեզ, որպեսզի ամրապնդեմ Ձեզ հավատքի մեջ, որ Տիրոջ համար անհնարին ոչինչ չկա: Աղոթեցեք նաև Ձեր ամուսնու համար: Թող Աստված նրան օրհնի և ընտանիքին գործնականորեն տեր կանգնելու զորություն և հոժարություն տա:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս