Ինչ է սպասվում դեկտեմբերի 7-ին

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը թևակոխում է եզրափակիչ փուլ: Մոտ 2 շաբաթ անց՝ դեկտեմբերի 6-ին, կկայանա հանրաքվեն: Որքան էլ «այո»-ի կողմնակիցները պնդում են, որ սա իշխանության և ընդդիմության մենամարտ չէ, այլ երկրի ապագայի խնդիրն է դրված, «ոչ»-ի կողմնակիցներն անդրդվելի են՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը ռեժիմի վերարտադրությունն է:
գսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին հանրաքվեից հետո:

«168 Ժամի» այս հարցին ի պատասխան` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը պատասխանեց՝ իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակում: «Արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, սահմանադրական փոփոխությունները և, եթե իշխանությունը դիմի կեղծիքների, դա իրեն շատ ծանր վիճակի մեջ կդնի: Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն աջակցում է այս սահմանադրական փոփոխությունները մերժելու, Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը մերժելու մեր ջանքերին»,- ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իրենց նպատակը ոչ թե հանրաքվեն տապալելն է, այլ նախագծի չընդունվելը, և արդեն իսկ հասել են շատ մեծ արդյունքների, ինչի վկայությունն են իշխանությունների անհանգստության դրսևորումները, օրինակ, երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մշտապես հակադարձում է իր ելույթներին. «Եթե այդքան թույլ ու մարգինալ ենք, թող չխոսեն մեր մասին»:

Մեր հարցին՝ համամի՞տ է տեսակետին, որ ցնցումային իրավիճակում ենք գտնվում, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ կարող է` այս պահին ցնցման շոկը չզգանք, բայց այն թվերը, որ ներկայացրել է կառավարությունը բյուջեում, արդեն ցնցումային վիճակ է ամբողջ Հայաստանի համար. «2.2% աճ այս իրավիճակում, երբ 18%-անոց գործազրկություն ունենք, տարեկան կորցնում ենք բնակչության 2%-ը, սա նշանակում է` անկում դեպի անդունդ: Դեռ կարելի էր հույս ունենալ, որ իրավիճակը կկարգավորվի, եթե կառավարությունը բերեր կոնկրետ մի ծրագիր, որտեղ ասված էր, որ այս-այս ծրագրերի շնորհիվ 7%-անոց աճ կապահովենք, ընդ որում՝ մշտական, հետևողական աճ»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կանխատեսումներ չցանկացավ անել. «Կտեսնենք` դեկտեմբերի 6-ին ինչ կլինի, հանրաքվեից հետո ինչ կլինի: Ամեն ինչ անում ենք, որ հանրաքվեն անցնի նորմալ պայմաններում: Ես իդեալիստ չեմ, իլյուզիաներ չունեմ, բայց վստահ եմ, որ շատ նորմալ հանրաքվե հնարավոր է անցկացնել»:
Ըստ նրա՝ դրանից հետո սպասվում է հսկայական աշխատանք 2 ուղղությամբ՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որ պետք է մինչև 2016 թ. ընդունվի, որը կնվազեցնի որևէ առանձին ուժի առավելությունները, և պետք է խնդիր դնեն, որպեսզի Հայաստանում կատարվեն քայլեր, որ հանրության մոտ հույս ու դրական սպասումներ կառաջացնեն, և այս փոքր բյուջեն արդյունավետ կիրականացվի, որ պահպանման բյուջեն հիմք կստեղծի հետագա զարգացման համար: Ըստ նրա՝ դա պետք է անել կոնկրետ աշխատանքով:

Ա.Վարդանյանի կարծիքով՝ իրատեսական չէ հանրաքվեի տապալումը. «Քարոզչական աշխատանքն անելու ենք մինչև վերջ, և մեր քաղաքացիները շատ լավ թացը չորից տարբերում են»: Միակ վտանգը, ըստ ՀՅԴ-ականի, տեղական իշխանիկների միջամտությունն է ընտրական գործընթացին:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը վստահ է՝ դեկտեմբերի 6-ից հետո կունենանք նոր Սահմանադրություն: Միաժամանակ, նրա կարծիքով, նման գործընթացի մեջ չեն կարող լինել միանման տեսակետներ. «Իհարկե, մեր հանդիպած քաղաքացիների հետ քննարկումների ժամանակ մենք մեծամասամբ հանդիպում ենք «այո»-ի, բայց նաև հանդիպում ենք դժգոհ մարդկանց»: Սակայն ԲՀԿ-ականներին, ըստ Բաբայանի, հաջողվում է բացատրել` ինչ են սահմանադրական փոփոխությունները, ինչ կետեր են փոխվում, ու մարդիկ չեն շարունակում «ոչ» ասել. «Ամեն ինչ հարաբերական է»:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում հետընտրական զարգացումները պայմանավորեց հանրաքվեի ընթացքով. «Հանրաքվեից հետո վիճակը պայմանավորված է, թե հանրաքվեն ինչպես կանցնի: Եթե մենք ունենանք նորմալ հանրաքվե անցկացնելու բոլոր պայմանները, ապահովված ու պաշտպանված հանրաքվե, դա մեկ այլ հարց է, եթե չենք ունենա՝ այլ հարց է»: Ամեն դեպքում, նշեց Մարգարյանը, ժողովուրդը շատ բորբոքված է, ուզում է, ի վերջո, արդար ընտրություններ լինեն, և իր կարծիքն արդար անցնի՝ և՛ «այո»-ն, և՛ «ոչ»-ը, և՛ պասիվությունը, որ շատերը չեն էլ ցանկանում մասնակցել հանրաքվեին.

«Առանցքային նշանակություն ունեցող հարցը դա է: Ցնցումների հավանականությունն օրգանապես կախված է հանրաքվեի անցնելուց: «Այո»-ի կողմնակիցները պարտավորություն են վերցրել, որ ընտրությունները միջազգային չափանիշներով են անցկացնելու: Դիրքորոշումը կախված կլինի խախտումների աստիճանից՝ շատ կլինի, ավելի շատ կբարկանա ժողովուրդը, քիչ կլինի, քիչ կլինի մարդկանց զայրույթն ու դժգոհությունը»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում «սահմանադրական հանրաքվե» անունը կրող ընտրությունների անցկացումը Հայաստանն առավել ցնցումային իրավիճակի մեջ է գցում, և ՀՀ քաղաքացիներին ոչինչ չի մնում, քան ընդվզել և գնալ արտահերթ լուծումների: Ըստ նրա՝ քաղաքական ուժերը բազմիցս են հայտարարել, որ գնում են իշխանափոխության, բայց դա իրականություն չի դարձել, սակայն, հաշվի առնելով բոլոր փաստերը, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, իշխանափոխությունը հնարավոր է:

Զ.Փոստանջյանը հիշեցրեց, որ անհնազանդության գործողությունների շարքը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ից. «Անհնազանդության գործողությունները տարբեր են, մոտեցումներն իրականացման տարբեր են, գործում է «ոչ»-ի երկու շտաբ, և մեր խնդիրն է` ոչ միայն տապալել այս կեղծ բարեփոխումներ կոչվածը, այլ գնալ նրան, որ ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, գործի ժամանակավոր ԱԺ և կառավարություն, օրենսդրական փոփոխություններ լինեն, որ բացառեն այս տիպի խորհրդարանական ներկայությունը և ընտրությունների կեղծիքը: Իշխանափոխությունը ռեալ է, այս համակարգն ինքը հնարավորություն չի ստեղծում քաղաքացիներին, որ նրանք կարողանան ապրել: Համակարգը բավականին խոցելի վիճակի մեջ է, ռեալ եմ համարում ամեն ինչ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս իրավիճակը ցնցումային է համարում, սակայն զուտ այն պատճառով, որ «ոչ»-ականները չեն կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ «ոչ»: Նրա գնահատմամբ՝ քարոզարշավն անցնում է շատ հանգիստ մթնոլորտում, առաջին փուլն իրենք գնահատում են` որպես «հետախուզական». «Շատ ուրախ եմ, որ «ոչ»-երը և «այո»-ները մեկ ընտանիքի նման կարողանում են այս քարոզչությունը կազմակերպել, որը նշանակում է, որ մի նոր մշակույթ է ձևավորվել, որ սահմանադրական փոփոխություններն առանձին անհատներինը չէ, այլ մեր ժողովրդինն է, և՛ «ոչ»-երն են մերը, և՛ «այո»-ներն են մերը»:

Տեսանյութեր

Լրահոս