ԱԻՄ-ը մասնակցելու է ՀԱԿ-ի հանրահավաքին, որպեսզի այն շատ թույլ չլինի

Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) վաղն անպայման մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱԻՄ առաջնորդը լրագրողների հետ զրույցում «պարզունակ սնափառություն» էր անվանել ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե իրենք մասնակցում են միայն իրենց կազմակերպած միջոցառումներին ու կրում են այդ միջոցառումների ընթացքում տեղի ունեցող դեպքերի պատասխանատվությունը: «Ամսի 18-ին ես հրավիրելու եմ իրենց, ու, եթե իրենք չմասնակցեն այդ օրվա բողոքի ցույցին, ես արդեն իրավունք կվերապահեմ ասել, որ իրենք այդ հանրաքվեն կազմակերպողների աջակիցներն են»,- հայտարարել էր ԱԻՄ առաջնորդը:

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԱԻՄ առաջնորդի կազմակերպած հավաքին, սակայն, ՀԱԿ անդամները չէին մասնակցում: Մեր այն հարցին, թե դա արդյոք չի՞ նշանակում, որ իրենք «սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կազմակերպողների աջակիցներն են», ինչպես Պ. Հայրիկյանն էր որակել, ու, եթե այդպես է, ինչո՞ւ է նա մասնակցում ՀԱԿ-ի հանրահավաքին: Ի պատասխան մեր հարցի՝ ԱԻՄ առաջնորդը պարզաբանեց, որ իրենք պետք է իրազեկեին, բայց ոչ ոքի չեն իրազեկել. «Միայն հայտարարություն ենք փակցրել ու մերոնց ենք ասել: Այնպես որ, հիմք չունենք որևէ մեկին ասելու, որ մենք կանչել ենք, իրենք չեն եկել»:

Մեր ճշտող հարցին՝ եթե լիներ հրավեր, ու իրենք չգային, այդ դեպքում չէի՞ք մասնակցի, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք իրենց գնահատականը կտային. «Մենք հենց այնպես չենք մասնակցում: Մեզ՝ որպես կազմակերպություն, որոշակի դերակատարություն տրված չէ, պարզապես մենք չենք ուզում, որ շատ թույլ լինի: Օրինակ, վերջին անգամները մենք տեսանք, որ, եթե մենք պաստառներ և դրոշներ չտանեինք, շատ տխուր պատկեր էր լինելու: Չէ՞ որ մենք նույն նպատակին ենք ծառայում: Իրենք դեռ չեն կռահում, որ այս փուլը դեկտեմբերի 6-ի համար նախապատրաստելու համար չէ, այլ այս փուլն իր խնդիրներն ունի՝ ապօրինի գործընթաց է, սա պետք է նշվի, և դրա դեմ պետք է քայլեր արվեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս