«Anonymous»-ի հայտարարած պատերազմը ԻՊ խմբավորմանը և նրանց պատասխանը

«Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձևավորվել է 2003 թվականին: «Anonymous»-ը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են ինտերնետում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»- ներ և նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Փարիզի ահաբեկչությունից մեկ օր հետո «Anonymous»-ը էլեկտրոնային կայքերում տեսագրություն տարածեց՝ այդպիսով պատերազմ հայտարարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

«Anonymous»-ի ներկայացուցիչը տեսագրությունում ֆրանսերեն լեզվով ասում է,- «Երեկ, 2015 թվականի  նոյեմբերի 13ին երեկոյան մեր երկիրը՝ Ֆրանսիան հարձակումների է ենթարկվել ձեր՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Փարիզում: Այս հարձակումները չեն կարող անպատիժ մնալ և դա է պատճառը, թե ինչու աշխարհի շուրջ գտնվող բոլոր «Anonymous»-ները կսկսեն ձեր որսը: Այո, հենց ձեր դեմ, ովքեր սպանում են անմեղ մարդկանց: Մենք ձեզ կգտնենք, ինչպես դա արեցինք «Շառլի Էբդո»-ի դեմ ձեր հարձակումից հետո»:

2014 թվականի հունվարին «Շառլի Էբդո» շաբաթաթերթի վրա հարձակումից հետո «Anonymous»-ի հաքերները արշավ սկսեցին, որպեսզի Թվիթերի կայքում «Իսլամական պետություն»  խմբավորման հետ որևէ առնչություն ունեցող բոլոր մարդկանց էջերը փակվեին:

«Anonymous»-ի ներկայացուցիչը ասում է,- «Այսպիսով պատրաստ եղեք «Anonymous»-ի կողմից զանգվածային փոխհատուցմանը: Իմացեք, որ մենք ձեզ գտնելու ենք և բաց չենք թողնելու: Մենք ձեր դեմ սկսելու ենք պատմության մեջ ամենախոշոր հարձակումը: Սպասեք բազմաթիվ համացանցային հարձակումների: Պատերազմը հայտարարված եմ համարում»:

Այնուհետև նա ավելացրել է, որ իրենք ցավակցում են զոհվածների ընտանիքներին և ուղերձը եզրափակել է, ասելով, որ իրենք չեն մոռանա և չեն ների այդ արարքը:

Ի պատասխան «Anonymous»-ի հայտարարությանը, «Իսլամական պետություն» խմբավորումը համացանցում երկու տեսագրություն է տեղադրել: Առաջինում նրանք հաքերների կազմակերպությանը անճար են անվանում, այնուհետև իրենց աջակիցներին հորդորում են անծանոթ էլէկտրոնային հասցեներից նամակներ չբացել: Երկրորդ տեսագրության մեջ նրանք իրենց կողմնակիցներին քաջալերում են համախմբվել Ֆրանսիայի դեմ, իրենց կայքէջի նկար դարձնելով Ֆրանսիայի դրոշը՝ վրան կոշիկի հետք պատկերված:

Լիբերման Սոֆթվեր հիբեր-անվտանգության ընկերության փոխնախագահ Ջոնաթան Սենդերի խոսքերով, «Anonymous»-ը կարող է գտնել ՝ ահաբեկչական խմբավորման համացանցային հաշիվները և դրանք փակել, դրանով իսկ խոչընդոտելով նրանց հաղորդակցությունը: Նրա խոսքերով, երկրորդ բանը, որ «Anonymous»-ը կարող է անել, նրանց առաջնորդների երեսպաշտության դրվագները հրապարակելն է, ինչը կարող է նրանց դնել անհարմար դրության մեջ:

Սենդերսի խոսքերով, եթե «Իսլամական պետություն» խմբավորումը զրկվի ինտերնետի միջոցով հաղորդակցման հնարավորությունից, ապա խմբավորման անդամները չեն կարողանա հստակորեն ծրագրել իրենց հարձակումները: Նրանք կդառնան իրարից անտեղյակ, չարացած մարդկանց մի խումբ:

Երեքշաբթի օրը «Anonymous»-ը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորման համացանցային 5500 հաշիվ արդեն փակվել է: Դրանից զատ, հաքերները նաև տարածում են խմբավորման իրենց հայտնաբերած անդամների տեղեկությունները:

Տեսանյութեր

Լրահոս