«Հայաստանն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Քասարջյանը` փարիզյան ահաբեկչությունների և դրա դեմ պայքարի նոր ռազմավարության անհրաժեշտության շուրջ

168.am-ի զրուցակիցն է Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող և քաղաքական վերլուծաբան Սարգիս Քասարջյանը:

– Պարոն Քասարջյան, վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչությունները միջազգային հանրությանը ստիպում են նորովի մտածել ահաբեկչության և ահաբեկչության դեմ պայքարի մասին: Այն, ինչ այս օրերին քննարկում են արևմտյան ղեկավարները, այն արձագանքը, որը տրվում է «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը, ըստ Ձեզ, բավարա՞ր է:

– Ֆրանսիայում գրանցված վերջին դեպքերն իսկապես անակնկալ էին՝ իրենց կազմակերպվածությամբ, ծրագրվածությամբ: Արդեն մի քանի տարի է, որ մերձավորարևելյան երկրների ղեկավարները, քաղաքական գործիչները Եվրոպային զգուշացնում են` ահաբեկչությունը Եվրոպա է հասնելու: Այն երկրները, որոնք դեմ առ դեմ կանգնել էին ահաբեկչությանը, վերջին տարիներին զգուշացնում էին, որ հնարավոր չէ վերահսկել այս շարժումների գործունեությունը, որի արդյունքում այդ սպառնալիքը տարածվելու է:

Բաշար ալ Ասադն իր ելույթներից մեկում ասաց, որ իսլամիստական խմբավորումներին պահել գրպանում, ապա հանել, օգտագործել և դեն նետել հնարավոր չէ: Նրանք նման են կարիճի, որքան խնամում ես ու իրենով հետաքրքրվում, վերջիվերջո, խայթում է: Ֆրանսիայում դեպքերի զարգացումն այս տրամաբանությամբ է ընթանում: Սա ահաբեկչություն է, որում եվրոպական երկրներն իրենց դերակատարությունն ունեն: Ռադիկալ ծայրահեղական իսլամիստ երիտասարդները Թուրքիայի սահմանով Սիրիա էին ներխուժում, հիմա էլ վերադառնում են Եվրոպա, դառնում արհավիրք եվրոպական երկրների համար: Թե դա ինչպիսի՞ հետևանք կունենա՝ շատ դժվար է ասել:

Վստահ եմ` հիշում եք, 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Աֆղանստանի, Իրաքի պատերազմները եղան: ԱՄՆ-ը իր բոլոր նպատակներում ահաբեկչության քարտն օգտագործեց: Կարծում եմ, որ Ֆրանսիան ևս այս ձևով է փորձելու ի շահ իր պետության և իր երկրի քաղաքականություն վարել և ավելի ներխուժել տարածաշրջանի երկրների քաղաքականության մեջ այն պատրվակով, թե պետք է պաշտպանի իր ազգային շահերը: Այսօր հնչող հայտարարություններից ենթադրում եմ` այսպիսին է լինելու արձագանքը, ինչն ավելի է բարդացնելու իրերի դրությունը:

– Ըստ Ձեզ՝ լավագույն քաղաքականությունն ինչպիսի՞ն պետք է լինի:

– Կարծում եմ, որ ահաբեկչական շարժումներն արդեն շատ լավ ձևավորված են, դրանք սպառնում են ողջ աշխարհին: Սիրիան և տարածաշրջանային երկրները մանրամասն տեղեկություններ ունեն նրանց անունների, կազմավորման, նույնիսկ երբեմն՝ թիմի մասին: Եվրոպան նախ պետք է որոշի, հստակ ձևով նշի, թե որոնք են ահաբեկչական շարժումներն իր համար, և ինչն է համարվում ահաբեկչություն, իսկ ինչը` ոչ: Այսինքն` չի կարելի Ֆրանսիայում տեղի ունեցած պայթյունի հեղինակներին կոչել ահաբեկիչ, իսկ Սիրիայի ահաբեկիչներին` հեղափոխականներ կամ ազատատենչ զինյալներ, ընդդիմադիրներ, հակադիրներ: Ահաբեկչությունն ահաբեկչություն է՝ որտեղ էլ որ այն լինի:

Պետք է եվրոպական երկրները հստակ ցանկ ունենան և նրանց ֆինանսավորումը կրճատեն կամ ոմանց դեպքում՝ լրիվ վերացնեն, քանի դեռ ահաբեկչական խմբավորումներն ունեն ֆինանսավորում, գնում են անհրաժեշտ զինտեխնիկա, դրամական փոխանակումներ են անում: Եթե կա նպատակ, կարելի է այս գործընթացները սահմանափակել: Այս շարժումների դեմ տարածաշրջանի անվտանգության ծառայությունները պայքարում են շատ ավելի երկար, և նրանց տեղեկությունները գուցե այս իմաստով նույնիսկ օգտակար լինեն: Եվրոպական այն երկրները, որոնք մտածում են ահաբեկչության դեմ պայքարել, ստիպված են «ճիշտ դռներ բացել», այսինքն` ճիշտ ուժերի հետ աշխատել, տեղեկություններ ստանալ, օգտագործել նրանց ներուժը՝ հասնելու տեղեկությունների հնարավորինս բարձր մակարդակի տիրապետման, որը թույլ կտա ավելի գրագետ պայքարել նրանց դեմ:

-Երեկ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ իրենց թիրախն ԻՊ-ն է, Ֆրանսիան պատերազմում է ԻՊ-ի դեմ: Նա նաև տեղեկացրեց, որ բանակցություններ է վարելու Պուտինի և Օբամայի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և ուժերը միավորելու ուղղությամբ: Սակայն G20-ի գագաթաժողովի ժամանակ Օբաման ևս մեկ անգամ է շեշտել, որ ԱՄՆ-ը ցամաքային գործողություն չի իրականացնի և չի կրկնի Աֆղանստանում և Իրաքում իր ունեցած փորձը: Ռուսաստանը ևս վերջերս հերքել է, թե նախապատրաստում է ցամաքային գործողություն Սիրիայում: Միայն ավիահարվածները բավարա՞ր են արդյոք ԻՊ-ը վերացնելու համար:

– Որևէ պատերազմ հնարավոր չէ օդային հարվածներով հաղթել, դա հստակ է, օդային հարվածները նրանց թուլացնում են, բայց չեն վերացնում սպառնալիքը: Հետևաբար՝ բավարար չեն միանշանակ, որովհետև Արևմուտքը ավիահարվածներ է տեղում արդեն մեկ տարի, և որևէ արդյունք դրանից չկա: «Wall Street» պարբերականն արդեն գրում է, որ այդ հարվածների հետևանքով որևէ ԻՊ ներկայացուցիչ չի սպանվել, հետևաբար՝ սա անարդյունավետ քաղաքականություն է: Նշեմ, որ ավելի արդյունավետ է ռուսական միջամտությունը, քանի որ երկու ամսվա ընթացքում ՌԴ-ն ծանր հարվածներ է տվել ԻՊ-ին և ահաբեկչական խմբավորումներին, որոնք կապված են « Ալ Քաիդայի» հետ: Բայց սա ևս բավարար չէ: Հատկապես ամերիկյան, ֆրանսիական, եվրոպական տիպի գործողությունների արդյունավետության մասին խոսելն անլուրջ է:

– Փաստորեն, եթե այս ահաբեկչական ալիքը, սպառնալիքները ստանան այն արձագանքը, ինչ սեպտեմբերի 11-ից հետո, շատ ավելի վատ արդյունքներ են լինելու:

– Միանշանակ: Շատ ավելի վատ արդյունք է ունենալու տարածաշրջանի համար, այդ ահաբեկչության հետևանքով ԱՄՆ-ը ավերեց տարածաշրջանը՝ Իրաքից սկսած՝ մինչև Լիբիա, հրե գնդակի վերածելով տարածաշրջանը: Եթե սա շարունակվի, ապա ավելի վատ արդյունքներ են լինելու:

– Մամուլում ակտիվ քննարկվում է Ղարաբաղի օդանավակայանը Ռուսաստանի սիրիական գործողության համար տրամադրելու հարցը, որի շուրջ փորձագետների կարծիքները կիսվում են: Մեծամասնությունը սա մեծ սխալ է համարում՝ կարծելով, որ ահաբեկչության թիրախ դարձած Ռուսաստանի ետևից Հայաստանը ևս կթիրախավորվի: Ի՞նչ եք կարծում Հայաստանին սպառնացող վտանգի մասին:

– ԻՊ-ը տնօրինվում է մի քանի երկրների կողմից, ինչպիսին Թուրքիան է, Սաուդիան Արաբիան և այլք: Հայաստանը սպառնալիքի ենթակա է, Հայաստանը ևս կարող է դառնալ հարվածների թիրախ, եթե ԻՊ-ին ֆինանսավորող երկրները դա ցանկանան և Հայաստանի դեմ պատճառ ունենան: Իսկ օդանավակայանի հարցը, կարծում եմ, կլուծվի հայ-ռուսական ռազմական և ռազմավարական հարաբերությունների կոնտեքստում: Արաբական Ծոցի բոլոր երկրներն իրենց օդակայանները տրամադրում են ամերիկյան օդանավերին: Նորություն չէ սա, բայց, վերջիվերջո, դա քաղաքական համաձայնության հարց է, և կարծում եմ` ավելորդ սպառնալիք չէ, պարզապես համաձայնության հարց է, սա նոր պրակտիկա չէ ամենևին:

Տեսանյութեր

Լրահոս