ԴԱԻՇ-ի սպանված դահիճ «Ջիհադի Ջոնը» որդի ունի Սիրիայում. Daily Telegraph
Երեկ անօդաչու սարքի հարվածներից սպանված «Ջիհադի Ջոնը» տղա ունի Սիրիայում, ով հավակնում է ստանալ բրիտանական քաղաքացիություն, գրում է Daily Telegraph-ը:
Բրիտանացի ջիհադիստ Մուհամմեդ Էմվազին՝ «Ջիհադի Ջոնը», հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսին մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին:
Մարտին մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել էին ահաբեկչի լուսանկարը նրա ուսանողական հարցաթերթիկից: Լուսանկարում երևում էր իսլամիստի ծննդյան ամսաթիվը՝ 1988 թվականի օգոստոսի 17: Բացի այդ՝ լուսանկարում երևում էր, որ նա սովորել է Վեսթմինստերյան համալսարանում:
«Ինչպես հայտնի է դարձել Daily Telegraph-ին, «Ջիհադի Ջոնը» տղա ունի, ով ավտոմատ կերպով հավակնում է ստանալ բրիտանական քաղաքացիություն»,- գրում է պարբերականը:
Թերթին հայտնի չէ, թե ով է երեխայի մայրը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հնարավորություն չի ունենա կանխել ահաբեկչի որդու տեղափոխումը Միացյալ Թագավորություն:
«Արտերկրում ծնված բրիտանացու երեխան ավտոմատ կերպով ծագումով լինում է բրիտանացի»,- ասում է ընդունված կանոնը:
Հիշեցնենք, որ երեկ Պենտագոնը հայտնել էր «Ջիհադի Ջոնի» ոչնչացման մասին:
Փարիզում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունները որոշ փորձագետներ անվանում են պատասխան՝ «Ջիհադի Ջոնի» սպանությանը: