Կինը հաղորդում էր տվել, թե ծանոթ ոմն Արմենը «Երևան Սիթի» հարևանությամբ գտնվող տանը բռնաբարել է իրեն
Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 26-ամյա կինն ազատվել է քրեական պատասխանատվությունից: Դատարանը որոշել է նրա նկատմաբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, նշանակելով արտահիվանդանոցային հարկադիր բուժում` տարածքային հոգեբույժի հսկողության պայմաններում:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ ոմն Արմենը «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող վերջինիս կողմից վարձակալած տանը բռնաբարել էրեն:
Ըստ դատական ակտի՝ 7 տարեկան հասակում գլխուղեղի նորագոյացության հետ կապված տարել է ուղեղի կաթված, ինչի կապակցությամբ գլխի վիրահատության է ենթարկվել, որից հետո զարգացումը հապաղումով է ընթացել, առաջացել է աջակողմյան հեմիպարեզ, նախաշվառվել է հոգեբուժական կաբինետում «իրավիճակային ռեակցիա պրիմիտիվ անձի մոտ» ախտորոշմամբ:
Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` նա տառապում է «օրգանական թուլամտություն փսիխոտիկ ներառումներով» ախտորոշմամբ տկարամտությամբ: Տկարամտությունը արտահայտված է այն աստիճանի, որ ինչպես իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակահատվածում, այնպես էլ ներկայումս զրկել և զրկում է նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից և Կարինե Եղյանը կատարվածի նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ:
Գնահատելով ապացույցները, դատարանը գտել է, որ կինը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, սակայն արարքը կատարելու պահին և ներկայումս գտնվել ու գտնվում է անմեղսունակության վիճակում, որը զրկել ու զրկում է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից: