Բաժիններ՝

Պատգամավորը պնդում է՝ հողերը քաղցկեղով հիվանդ են, այն տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով, պետք է այդ հողերի կարտոֆիլը ոչնչացնել

168.am-ն անդրադարձել էր Արագածոտնի մարզի 4-5 գյուղերում ոռոգման ջրի վիճակի և հողերի հիվանդության խնդրին: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն ահազանգել էր, որ վերջին տարիների ընթացում այս տարածքը սնուցող միակ գետը՝ Գեղարոտը, խիստ աղտոտված է, և տարեցտարի ավելի շատ մշակվող հողատարածքներ են շարքից դուրս գալիս: Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել է, որ նախկինում Արագածի հողերը վարակված եղել են, սակայն վստահեցրել է, որ այս տարի հիվանդացության ոչ մի խնդիր չկա, և գյուղացիները նորմալ բերք են ստացել: Թեմային փորձել են անդրադառնալ նաև այլ լրատվամիջոցներ: Իսկ «Իրատես de facto» թերթը գրել է, թե ՀՀԿ-ն Լ.Խաչատրյանին զգուշացրել է չխոսել: Սակայն մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը կրկին հաստատեց իր պնդումները և հերքեց խնդիրը բարձրաձայնելու որևէ արգելքի գոյություն:

– Պարոն Խաչատրյան, մամուլում հայտնված տեղեկությունը, որ Ձեզ արգելել են խոսել կարտոֆիլի հիվանդության թեմայով, արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Ինձ համար մի քիչ զարմանալի է այսօրվա հոդվածը, կարելի է ասել` լրագրողական էթիկայից դուրս է, իրականության հետ աղերս չունեցող բաներ են գրում՝ արգելել են կամ չեն արգելել: Պարզապես իրականում երեկ ես չցանկացա այդ մասին խոսել, առավել ևս՝ ամեն մի լրագրողի հետ նման թեմայով խոսել չի կարելի: Երբ լրագրողը միջանցքում վազում է ետևիցդ, ինչ-որ արձագանք ստացած թեմայի մասին ուզում է թռնել գնացքի «պադնոժկին», ինչ-որ տեղ գնալ… դա ոճ չէ: Եվ թեման էլ, լինելով շատ նուրբ ու զգայուն, ոչ միշտ է ցանկություն լինում պարզապես, ու ցանկացած լրագրողի հետ նման թեմայի շուրջ խոսես: Ես չցանկացա խոսել, իսկ գրել են, թե ինձ արգելվել է խոսել:

Իրականում խնդիրը կա ու շատ լուրջ է, այսօր այն լոկալ կարգավիճակում է, լոկալ բնույթ է կրում, դրա հարցը ես բարձրացրել եմ դեռ նախորդ կառավարության օրոք՝ 2 տարի առաջ, մամլո ասուլիսի ժամանակ եմ ասել, հետևություններ չարվեց: Այս տարի այդ լոկալությունը մի փոքր ընդարձակում է գտել, իսկ թե ինչ կլինի վաղը, հաջորդ տարի՝ չգիտեմ: Խնդիրն ընդարձակվում է երկրաչափական պրոգրեսիայով, եթե դեմը չառնես: Մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ այստեղ խնդիր կա, որովհետև երբ երեկ այդ լրագրողը մոտեցավ ինձ, դրանից մեկ ժամ առաջ ես խիստ զրույց էի ունեցել որոշ գյուղապետերի հետ այդ խնդրի շրջանակում, և մենք բոլորս այնտեղ հասկանում ենք և՛ հարցի լրջությունը, և՛ դրա բազմավեկտոր բնույթը: Մարդիկ վարկերի տակ են, պարտքերի տակ են, երեկ էլ ուժեղ քամին էր մարդկանց տանիքները քշել-տարել՝ դեռ իրենց պարտքերը չմարած: Մարդիկ ուզում են կարտոֆիլը, իրենց բերքը վաճառեն, իրենց վարկերը փակեն, իրենց հոգսերը հոգան, երեկ բնական աղետն ավելացավ շատերի գլխին, տանիքները տարավ, հազարավոր դոլարների վնաս են կրել: Երեկ անձրև չեկավ, այսօր չգիտեմ՝ կգա՞, թե՞ ոչ, բայց վաղն անպայման գալու է, և, եթե այս մարդկանց չօգնեն, արագ չարձագանքեն, տանիքները չծածկեն, աղետը, հասցված վնասը բազամապատկվելու է: Եվ այս իրավճակում լրագրողը միջանցքում պարզապես վազքով ուզում է հնչեղ թեմայի մասին երկու բառ որսալ ու իր խմբագրին զեկուցել,կամ ինչ-որ էջ լրացնել, սա աշխատանքի բնույթ չէ: Պարզապես չես հասկանում, երբեմն լրագրողների ես հանդիպում ԱԺ միջանցքներում, որոնց ամեն օր հետաքրքրում է, թե ինչ գույնի ներքնաշոր է հագել պատգամավորը տվյալ օրը, փոխանակ քննարկվող հարցերի մասին, քննարկվող խնդիրների մասին զրուցելու: Նայում ու զարմանում ես՝ մի՞թե դա լրատվական դաշտ է, կամ տվյալ լրագրողը լրագրո՞ղ է, թե՞ մտել է այստեղ ինչ-որ դեղին բաներ փնտրելու: Նմանների հետ ես զրուցելու ցանկություն էլ չունեմ: Լրագրողը երբ չի տարբերում ցուլի և արհեստական բեղմնավորման տարբերությունը, նրանց ես իմ ավանակների հավաքածուի կողքին տեղ չեմ տա: Եվ նման մի լրագրող երեկ հանդիպել էր ինձ ու սուտ ինֆորմացիա տարածել, թե իբր ինձ արգելել են խոսել:

Հարցը շատ լուրջ է, և այդ խնդրի դեմը պետք է առնել: Այսօր դա լոկալ բնույթ է կրում, բայց այս երկու տարվա մեջ այդ լոկալ բնույթը տարածվում է: Ես հասկանում եմ, Գեղարքունիքի, Ապարանի, մյուս տարածաշրջանների համայնքների բերքը շատ որակով է, դեռ խնդիրը չի հասել նրանց, բայց դա չի նշանակում, որ վաղը չի հասնելու նրանց: Խնդիրը սա է: Ու դրա մասին շատ բարձր բարձրաձայնելուց հետո հնարավոր է՝ արտահանման խնդիր ունենանք, որովհետև Գեղարքունքի կամ Ապարանի, կամ հարևան տարածքների գյուղացիները մեղք չունեն, որ իրենց կարտոֆիլն այսօր լավն է, ու վտանգն իրենց չի հասել: Բայց, կրկնեմ, խնդիրը կա: Ու ես չեմ կարծում, որ իշխանական վերնախավում կամ քաղաքական դաշտում կգտնվի մի հիմար, որ փոխանակ խնդրին ծանոթանալու ու դրա լուծման ճանապարհ գտնելու՝ կփորձի կեղտը ձյան տակ թաքցնելու մարտավարություն ընտրել: Այսինքն՝ ինձ իբր թե զգուշացնել, թե՝ չպետք է խոսես այդ թեմայով: Չկա, և, կարծում եմ, քաղաքական դաշտում նման հիմարի գտնելը շատ դժվար կլինի, որովհետև խնդիրը կա, և այն լուծում է պահանջում, որովհետև նա կարող է հաջորդ տարի ավելի ընդարձակ բնույթ կրել և աղետալի չափերի հասնել, որովհետև տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով:

– Լուծումը ո՞րն է:

– Լուծումն այն է, որ պետք է կառավարությունը միջոցներ գտնի, ամբողջ վարակված բերքը գնի գյուղացուց ու ոչնչացնի, վարակված հողը պետք է մշակի, բուժի շատ արագ կերպով: Ուրիշ ճանապարհ չկա, գյուղացին էն վիճակում չի, որ կարողանա իր բերքը թափել, բանկի տոկոսն է վզին, երեխեքին կոշիկ պետք է առնի, և այս վիճակում է ապրում գյուղացին, նա վաճառելու է: Միակ տարբերակը՝ հայտնաբերել այդ օջախները, բերքը գնել գյուղացուց, ամբողջությամբ ոչնչացնել, իսկ հողակտորները բուժել:

– Քայլ արվո՞ւմ է այդ ուղղությամբ:

– Կարծես թե շարժ կա, բայց տուրիստի կարգավիճակով չպետք է մոտենալ դրան՝ գնացինք, տեսանք, ֆիքսեցինք, դա տարածվում է և կարող է տարածվել, այնուհետև դեմն առնելը շատ դժվար կլինի: Անցած տարի հողակտորներից մեկի հետ կապված ինչ-որ բուժումներ արել են, բայց պետք է դա մասսայաբար արվի, որտեղ որ հիվանդությունը կա, պետք է հայտնաբերվեն օջախները, և շատ արագ այդ հողակտորները քիմիական մշակման պետք է ենթարկեն, որպեսզի այդ օջախները չտարածվեն:

– Բայց եթե մի քանի տարի խնդիրը կա, ինչո՞ւ լուրջ չեն մոտենում:

– Ես չգիտեմ, հարցը շատ լուրջ է, միգուցե թվում է, թե ինքն իրեն կանցնի: Դա կոմպետենտության խնդիր է, դա ցավելու խնդիր է, միգուցե մտածում են, թե Ապարանի տարածքն իրենց երկիրը չի, մի կողմից՝ ոսկու հանքի թափոններն են լցնում Ապարանի լիճ, մյուս կողմից՝ աղտոտված գետն է Արագածից գալիս-լցվում, մյուս կողմից էլ՝ էս խնդիրն է առաջացել: Միգուցե մտածում են՝ դա իրենց երկիրը չի, ես չգիտեմ, թե որոշ համապատասխան չինովնիկների մտքին ինչ կա: Բայց դա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, ես չեմ ուզում աղտոտեն, ես չեմ ուզում, որ էնպիսի իրավիճակ ստեղծվի, որ իրենց ապրուստը չկարողանան հոգալ: Հասկանում եմ, որ արտահանման խնդիր կարող է լինել, կամ գյուղացին իր բերքը չի կարողանա վաճառել, բայց դա չի նշանակում, որ ձեռքներս պետք է կտրենք-նստենք, ոչինչ չանենք: Օպերատիվ միջամտության, ուսումնասիրության, բուժման կարիք կա այսօր:

– Դա մեծ ծախսի հե՞տ է կապված:

– Երբ մասշտաբները կորոշեն, կերևա՝ ինչքան ծախս կպահանջվի: Կարծում եմ՝ առայժմ ոչ, մեծ ծախսի խնդիր չէ, համատարած չէ, բայց վաղը կարող է լինել համատարած: 2 տարի առաջ շատ ավելի քիչ ծախս էր պետք, էսօր՝ մի քիչ ավելի, իսկ վաղը կարող է ահռելի կամ անդառնալի լինել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս