ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դիվանագիտությունն այլընտրանք չունի. Ուորլիքի բացառիկ հարցազրույցը. «Արմենպրես»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչեւ տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձավ նաեւ սահմանային վերջին միջադեպերին եւ պարզաբանեց, թե ինչն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

– Պարոն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի մեր առաջարկը չմերժելու համար: Տարածաշրջան ձեր վերջին այցելության ժամանակ ասացիք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման ցանկություն են հայտնել: Արդեն հստա՞կ է` ե՞րբ եւ որտե՞ղ կհանդիպեն նախագահները եւ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:

– Համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նախագահները խոստացան հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը: Մենք նրանց կոչ կանենք օգտագործել հնարավորությունը` նվազեցնելու լարվածությունը, վերջ դնելու բռնությանը և խուսափելու զոհերից, այդ թվում`անմեղ քաղաքացիների շրջանում:

– Պարոն Ուորլիք, շատ հաճախ փորձագետներն ու քաղաքագետները, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, կարծիք են հայտնում, որ վերջին շրջանում իրավիճակը կարելի է բնութագրել այսպես` «բանակցություններ հանուն բանակցությունների»: Համամի՞տ եք այդ տեսակետւ հետ:

Կարդացեք նաև

– Դիվանագիտությունն այլընտրանք չունի: Առանց համանախագահների ակտիվ միջնորդության և բանակցություններում կողմերի մասնակցության, ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վտանգը մեծանում է: Անցյալ հոկտեմբերին կողմերը խոստացան ակտիվացնել երկխոսությունը և հուսանք, որ առաջիկա հանդիպումը նրանց հաղորդակցման համար նոր խթան կհանդիսանա:

– Որոնք են այն խնդիրները որ ներկա դրությամբ խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու համաձայնագրի ստորագրմանը:

– Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տևական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում: Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները:

– Պարոն համանախագահ, չեք կարծո՞ւմ, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ համանախագահների ուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկն է, այն աումով, որ բացակայում է վստահության տարրը:

– Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Տեսանյութեր

Լրահոս