Վիրավորները կտեղափոխվեն «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն ՀՀ առողջապահության նախարարության «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում: Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարից վիրավորված 32 այն քաղաքացիները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել։
Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակեն բուժում ստանալ 12 վիրավորներ։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Վթարի զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից:
Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Աճյունները կտեղափոխվեն ՀՀ դատաբժշկական կենտրոն (հասցե՝ Երևան, Մխիթար Հերացու 5/1), որտեղից վաղը՝ նոյեմբերի 6-ին` ժամը 10.00-ից դիակները կհանձնվեն հարազատներին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կտրամադրվեն մեքենաներ, որոնք ուղևորներին և թեթև վիրավորներին կհասցնեն մինչև իրենց բնակավայրերը։