Լոռամիրգը (կլյուկվա) ժողովրդական բժշկության մեջ

Աշնանամուտին սկսվում է լոռամրգի բերքահավաքը: Այն հավաքում են 2 անգամ` սեպտեմբերին, որը սառը ջրում կարելի է պահել ամբողջ ձմեռ, և ուշ աշնանը, երբ հատապտուղը կարելի է պահել սառեցրած վիճակում: Ավելի լավ է լոռամիրգը սառեցնել քիչ չափաբաժիններով, քանի որ հալեցնելուց հետո այն շատ շուտ կարող է փչանալ: Իհարկե, լոռամրգի հայրենիքը համարվում է Ռուսաստանը, իսկ այս հատապտղի մասին գիտեին վաղուց: Լոռամրգի հյութը դեռևս այն ժամանակ` 16-րդ դարում, օգտագործվում էր որպես հազի դեղ, համարվում էր շատ լավ միջոց ցինգայի դեմ, դրանով մշակում էին վերքերը: Պետք է ասել, որ ժամանակակից բժշկությունը ևս չի ժխտում նրա օգտակարությունը և խորհուրդ է տալիս օգտագործել բոլորին` առանց բացառության:

Լոռամիրգը վիտամին C-ի մեծ աղբյուր է, որն այնքան անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Բացի այդ, լոռամրգի բաղադրության մեջ կա շատ հազվադեպ հանդիպող PP վիտամինը, որն օգնում է օրգանիզմին յուրացնել ասկորբինները, ինչն էլ հանդիսանում է իմունիտետի բարձրացման ամենալավ տարբերակը: Նաև պետք է հիշել, որ հատապտուղը եռացնելիս նրա օգտակար վիտամինները կորչում են. այդ պատճառով պետք է հյութը հանել հյութաքամիչով:

Լոռամրգի սիրոպն ու հյութը խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության դեպքում, քանի որ այն ունի ջերմիջեցնող հատկություն, և հետո լավ հագեցնում է ծարավն ու օրգանիզմից հեռացնում տոքսինները: Իսկ մեղրի հետ խառնած լոռամրգի հյութը ոչ միայն օգնում է հազին ու անգինային, այլ նաև բարձրացնում է դիմադրողականությունը` պաշտպանելով հետագա վարակներից:

Լոռամիրգը օգտակար է նրանց, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեն. այն արյան մեջ իջեցնում է այնքան վտանգավոր խոլեստերինի քանակը և պայքարում հիպերտոնիայի դեմ: Ճնշման իջեցումը տեղի է ունենում լոռամրգի միզամուղ հատկությունների շնորհիվ և, ի տարբերություն մյուս միզամուղների` այն օրգանիզմից չի հանում այնքան անհրաժեշտ կալիումը, որն ամրացնում է անոթները: Լոռամիրգը շատ հանգիստ կարող է փոխարինել կերակրի աղին, որն, ի դեպ, շատ վատ է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությամբ տառապողների առողջության վրա: Աղի փոխարեն խորհուրդ է տրվում կերակրին ավելացնել լոռամրգի հյութ կամ պտուղներ, և կերակուրը շատ անալի չի թվա:

Կարդացեք նաև

Լոռամիրգն իր մեջ պարունակում է ֆիտոցիդներ կամ, ինչպես ասում են` բնական հակաբիոտիկներ: Վերջիններիս շնորհիվ այս հատապտուղը պրոֆիլակտիկ միջոց կարող է հանդիսանալ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողների համար:

Լոռամիրգը ատամնաբույժների սիրելի հատապտուղն է: Բանն այն է, որ այն պահպանում է ատամները կարիեսից, իսկ լնդերը` բորբոքվելուց:

Այս հատապտուղը պահպանելը շատ հեշտ է. մութ ու սառը տեղում այն կարող է մնալ առանց տեսքը փոխելու մոտ 3 ամիս: Իսկ ավելի երկար պահելու համար այն կարելի է լցնել 3 լիտրանոց տարայի մեջ ու վրան լցնել սառը ջուր: Այս ձևով այն կարող է մնալ մոտ 6 ամիս: Միայն ջուրը պետք է երբեմն-երբեմն փոխել` մոտավորապես 2 շաբաթը մեկ անգամ: Ի դեպ, այդ ջուրը կարելի է չթափել, այլ մի քիչ շաքարավազ ավելացնել ու խմել:

Ստամոքսի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ լոռամրգի վրա լցնել 2 բաժակ եռջուր և եռացնել 10 րոպե թույլ կրակի վրա: Հետո սառեցնել, քամել ու խմել օրը 4 անգամ` կես բաժակից: Միակ հակացուցումը ստամոքսի բարձր թթվայնությունն է: Նման խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում բուժվել այլ մեթոդներով, հակառակ դեպքում գաստրիտի խորացումը կարող է նպաստել ստամոքսի խոցի առաջացմանը:

Նրանց, ովքեր հաճախ են գանգատվում գլխացավերից, խորհուրդ է տրվում 2 օրը 1 անգամ ընդունել հավասար քանակությամբ իրար խառնած մեղր ու մսաղացով անցկացրած լոռամիրգ:

Լոռամիրգը և դրա հյութը խորհուրդ է տրվում օգտագործել հղիության ընթացքում` և որպես պոլիվիտամինային միջոց, և որպես անոթները ամրապնդող միջոց:

Եթե մաշկի վրա կան թարախաբշտիկներ կամ պզուկներ, ապա շատ լավ կօգնի լոռամրգի հյութով կոմպրեսը: Բամբակե անձեռոցիկը թաթախեք հյութի մեջ ու 10 րոպեի չափ պահեք դեմքին:

Այն նաև ցիստիտի դեմ շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է: Հատապտղի հյութից պետք է խմել 2 ճաշի գդալից, օրը 2 անգամ` ուտելուց կես ժամ առաջ:

Լոռամիրգը ոչ միայն լավ բուժամիջոց է, այլ նաև համեղ ուտելիք:

«168 Ժամ», 2009թ.

Տեսանյութեր

Լրահոս