Տուլայում ավտովթարից տուժածներից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մոսկվայից Երևան եկող ուղևորատար Hyundai ավտոբուսի վթարի հետևանքով Տուլայի մարզի հիվանդանոցներ տեղափոխված 33 տուժածներից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, RIA Novosti-ին տեղեկացրել է Տուլայի մարզի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանը:

«8 մարդ մահացել է, 48-ը՝ տուժել: 33 մարդ հոսպիտալացվել է, մյուսներն ստացել են ամբուլատոր օգնություն ու հեռացել: 11 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Տուլայի մարզի կառավարության տվյալով՝ 17 մարդ հոսպիտալացվել է Ուզլովսկի շրջանային հիվանդանոց, 13 մարդ՝ Կիրեևսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, 3-ը՝ Նովոմոսկովսկի քաղաքային կլինիկական հիվանդանոց, 1 մարդ ստացել է ամբուլատոր բուժում: 12 մարդ գտնվում է Ուզլովոյա քաղաքի ժամանակավոր տեղակայման վայրում, 4 մարդ գտնվում է իր ազգականների մոտ:
Տուլայի կառավարությունում աշխատում է «թեժ գիծ»՝ 8-800-200-71-02 համարով:
Գործում է նաև Տուլայի առողջապահության նախարարությանը կից «թեժ գիծ» 8-903-036-02-18 հեռախոսահամարով, որտեղից հնարավոր է մանրամասն տեղեկություն ստանալ վթարի հետևանքով հոսպիտալացված անձանց վիճակի մասին:

Նշվում է, որ ոստիկանությունը հոգեբանական աջակցություն է տրամադրում ՃՏՊ-ից տուժածներին, նրանց ազգականներին:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել այսօր՝ ժ. 2.12-ին Տուլայի մարզում: Ավտոբուսում գտնվել է Հայաստանի ավելի քան 60 քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի ու 48 տուժածների մասին:

Տեսանյութեր

Լրահոս