Տուլայում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսում անչափահասներ են եղել
Մոսկվայից Երևան ուղևորվող ու Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսում եղել է երկու անչափահաս, հայտնում է Տուլայի մարզի դատախազության մամլո ծառայությունը:
Գերատեսչության տվյալով՝ 16-17 տարեկան դեռահասները գտնվել են վթարված ավտոմեքենայում: Նրանք չեն տուժել:
Ինչպես նշում է Տուլայի մարզի դատախազությունը, ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչից հետո մեքենան նախ՝ հարվածել է ավտոմեքենայի ձախ կողմում գտնվող արգելապատնեշին, ապա հատել է երթևելության երկու գիծ, հարվածել աջ արգելապատնեշին ու կողաշրջվել աջ կողմի վրա:
Հիշեցնենք, որ ուղևորատար Hyundai մեքենան կողաշրջվել է Ուզլովայա քաղաքի «Դոն» մայրուղում: Վթարի հետևանքով ավտոբուսի զոհերի թիվը հասել է 8-ի: Եվս 35 մարդ տուժել է: Բոլոր վիրավորներին տեղափոխել են Ուզլովայա ու Կիրեևսկ քաղաքների հիվանդանոցներ:
Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում գտնվել է Հայաստանի 63 քաղաքացի:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով: