Բաժիններ՝

Ռուսական ինքնաթիռի զոհերից մեկի դին հայտնաբերվել է կործանման վայրից 8 կմ հեռավորության վրա

Ռուսական А321 ինքնաթիռի ընկնելու վայրում շարունակվում են որոնողական օպերացիաները, որոնց միացել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Մարդկային մարմինների ու ինքնաթիռների բեկորների որոնողական աշխատանքների շրջանն ընդլայնվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ներկայում, ըստ եգիպտական իշխանությունների, հայտնաբերվել է 163 մարմին, սակայն որոշ մարմիններ հայտնաբերվել են ինքնաթիռի կործանման վայրից զգալի հեռավորության վրա:

Որոնողական շրջանի շառավիղը ավելացել է մինչև 15 կմ:
Երեկ Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ մարմիններ են հայտնաբերել ինքնաթիռի անկման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա, իսկ 3 տարեկան աղջկա մարմինը հայտնաբերվել է 8 կմ հեռավորության վրա:

Եգիպտացի զինվորականներից մեկը, ով մասնակցել է զոհերի մարմինների որոնողական աշխատանքին, հայտարարել է, որ ինքնաթիռը գետնին բախվելուց հետո երկու մասի է բաժանվել, որոնցից մեկն այրվել է, իսկ մյուսը՝ ամբողջությամբ ավերվել ժայռի բախումից:

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն այսօր հայտարարված սուգը քաղաքում երկարաձգել է մինչև նոյեմբերի 3-ը ու ասել, որ զոհերին կարող են հուղարկավորել միասնական հուշահամալիրում, եթե զոհերի ազգականները համաձայնեն:

Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում աղետի է ենթարկվել ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А32, ինքնաթիռը: Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչք իրականացնող ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել էր ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ:

«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս