«Էն ծանրությունը, որ ԱԺ-ն դրել է պարոն Անդրեասյանի ուսերին, իր համար ահռելի ծանրաձող է, նա չի կարողանում դա բարձրացնել»

ՄԻՊ-ը վախենում է իրացնել իր լիազորությունները: Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից այս մասին հայտարարեց պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով, որ իրավական ոլորտում, քննչական մասով ՄԻՊ-ն օրենքը նեղ է մեկնաբանում ու չի միջամատում քննչականի աշխատանքին:

«Ինչի՞ պիտի գլխավոր դատախազը ձեզ պատասխանի, քննչական ծառայությունը ձեզ թվեր ներկայացնի, պատասխանի ձեր գրություններին, եթե դուք միջամտելու իրավունք չունեք, ի՞նչ գործ ունեք նրանց թվերի հետ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Ըստ նրա՝ օրենքով ՄԻՊ-ը հավասարեցված է դատավորներին, բայց չի օգտագործում դա: Պատգամավորը գովեց Կարեն Անդրեասյանի սկզբունքայնությունը, բայց միաժամանակ նշեց, որ դա չկա Մարտի 1-ի դեպքում, որտեղ մեղավորներին պատժելու մասին խոսք չի ասվում, իսկ ժամկետի ողջամտությունը՝ 7.5 տարի անց, միայն որակվել է որպես կասկածելի: Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ ՄԻՊ թերացումների պատճառն այլ տեղ է:

«Պետք է նորից կրկնեմ Մարգարիտ Եսայանին, որ այս պաշտոնում պետք է մի քիչ ավելի փորձառու, տարիքով մարդ լիներ: Էն ծանրությունը, որ ԱԺ-ն դրել է պարոն Անդրեասյանի ուսերին, իր համար ահռելի ծանրաձող է, նա չի կարողանում դա բարձրացնել: Ակնհայտ է: Դրա համար, որ ես ասում էի հրաժարական, վատ բան ի նկատի չունեի: Ինքը կարող է շատ լավ իրացվել գործադիր մարմիններում»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս